Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է 100 միլիոն ֆունտ ստերլինգ (շուրջ 116 միլիոն եվրո) ծավալով նոր ռազմական աջակցության հատկացման մասին, որն ուղղվելու է առաջիկա ձմռանն ընդառաջ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարողությունների ամրապնդմանը։
Բրիտանիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն՝ ՆԱՏՕ-ի աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվող փաթեթը ներառում է Patriot զենիթահրթիռային համալիրների հրթիռներ, ՀՕՊ կալանիչներ, խոշոր տրամաչափի զինամթերք և անօդաչու թռչող սարքեր։ Սպառազինությունը Կիևին է փոխանցվելու մինչև ձմռան սկիզբը՝ քաղաքացիական ու էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունն ապահովելու նպատակով։
Ուկրաինական կողմն ավելի վաղ հայտնել էր Patriot համակարգերի հրթիռների պակասուրդի մասին, ինչը պայմանավորված էր տարածաշրջանային այլ հակամարտությունների պատճառով մատակարարումների աշխարհագրության փոփոխությամբ։
Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Ստրիտինգը, անդրադառնալով նոր հատկացումներին, նշել է, որ Կիև կատարած այցերի ընթացքում հստակ արձանագրվել է ձմեռային ժամանակահատվածում Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունը․
«Վարչապետն ու եկ պարզ լսեցին, թե որքան կարևոր է ապահովել Ուկրաինայի աջակցությունն այս ձմռանը, քանի որ Պուտինը պատրաստվում է ձմեռն օգտագործել որպես զենք՝ շարունակելով հարվածները քաղաքացիական ու էներգետիկ օբյեկտներին»,- հայտարարել է Ստրիտինգը։
Հատկանշական է, որ 2022 թվականի փետրվարից ի վեր Մեծ Բրիտանիան Ուկրաինային տրամադրել է ընդհանուր առմամբ շուրջ 25 միլիարդ ֆունտ ստերլինգի ռազմական և հումանիտար օգնություն։