Ոչ թե 50-հարկանի մեկ շենք, այլ երկու երկնաքեր՝ 35 և 40 վերգետնյա հարկերով։ Արդեն պարզ է, թե ինչ տեսք է ունենալու «Հայփոստ»-ի նախկին շենքի փոխարեն կառուցվելիք Համաշխարհային առևտրի կենտրոնը։
Համալիրի ամենաբարձր աշտարակի վերգետնյա բարձրությունը Սարյան փողոցի նիշից կազմելու է մինչև 220 մետր։ Factor TV-ին հասանելի են դարձել նոր շինությունների գծագրերն ու նախագծային պատկերները։ Դրանցից երևում է, թե ինչ տեսք է ունենալու ապագա համալիրը, ինչ ծավալով է այն կառուցվելու և ինչ տարածք է ընդգրկելու։
Կառավարությունը Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման նախագծին հավանություն էր տվել 2024 թվականի հունիսին։
Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հանրության գերակա շահ է ճանաչել ընդհանուր առմամբ մի քանի տասնյակ տարածքներ, այդ թվում՝ բնակելի տներ։ Խոսքը շուրջ 174 հազար քառակուսի մետր մակերեսով տարածքի կառուցապատման մասին է։
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը գիտամեթոդական խորհրդի նիստում նշել է․ «Էկոհամակարգն իր մեջ ամփոփելու է շենքեր և շինություններ, որոնք ներառելու են գրասենյակային տարածքներ, 4 կամ 5 աստղանի տարբեր ձևաչափերի հյուրանոցներ, միջոցառումների համար նախատեսված բաղադրիչ, առևտրի սրահներ և ավտոկայանատեղի։ Նախագծվող տարածքը սահմանափակվում է Սարյան և Պարոնյան փողոցներով և ներառում է նաև Սարյան 22 հասցեում գտնվող գլխավոր փոստատան նախկին մասնաշենքը»։
Տարածքում կլինի նաև 1000 ավտոմեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղի։ Դրա մուտքը լինելու է Պարոնյան փողոցից։ Նախագծողների հաշվարկով՝ սա պետք է նվազեցնի հարակից փողոցների տրանսպորտային ծանրաբեռնվածությունը։
Սակայն նախագծի քննարկման ընթացքում ի հայտ են եկել առնվազն երկու առանցքային խնդիրներ։ Առաջինը թամանյանական թունելներն են։
Նախագծողները քննարկել են երկու տարբերակ՝ կամ նոր շինարարությունը համապատասխանեցնել թունելների կառուցվածքին, կամ հիմքերն այնպես նախագծել, որ թունելները չընդգրկվեն դրանցում։
«Մենք ստրուկտուրաների առումով երկու լուծումներն էլ ունենք։ Լուծում, որը ենթադրում է թունելների հետ ներդաշնակեցում, և լուծում, որը չի ենթադրում ներդաշնակեցում։ Երկրորդ տարբերակն ավելի բարդ է։ Վերևում այս կառույցը, իսկ ներքևի հիմքերը այնպիսին կլինեն, որ թունելներին չկպնենք։ Եթե սեփականատերերի հետ պայմանավորվածություն ձեռք չբերվեց, ապա կկիրառվի երկրորդ տարբերակը»,- ասել է «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտաշես Տոնոյանը գիտամեթոդական խորհրդի նիստում։
Շինարարական փաստաթղթերի փորձաքննության ընթացքում արդեն արձանագրվել է, որ տարածքում աշխատանքային պայմանները բարդ են, և նախքան խոշոր միջամտությունները անհրաժեշտ է գնահատել, թե հողային աշխատանքները ինչ ազդեցություն կարող են ունենալ թունելների վրա։
Երկրորդ մտահոգությունը Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է։ Նախագիծը քննարկող գիտամեթոդական խորհրդում հարց է բարձրացվել՝ նոր համալիրի ծավալներն ու բարձրությունը որքանով են համատեղելի Կոնդի պատմական միջավայրի և հատկապես եկեղեցու հետ։
«Ես գտնում եմ, որ իսկապես կենցաղային պայմանները շատ վատ են, բայց իր արժեքը հենց այդ քաղաքաշինական ծռումուռ վիճակն է։ Այժմ դուք 24 մ բարձրությամբ մի շինություն եք կառուցում, որ այդ միջավայրը լրիվ վերացնում է։ Այն առաջադրանքը, որ տրված էր մրցույթում, և այն, ինչ ձեզ է տրված, իրար հակասում են»,- ասել է ճարտարապետ Հովհաննես Սանամյանը գիտամեթոդական խորհրդի նիստում։
Տիգրան Հարությունյանը հակադարձել է, որ եկեղեցին արդեն իսկ շրջապատված և, այսպես ասած, «խեղդված» վիճակում է։ Նրա խոսքով՝ եկեղեցին մնալու է իր ներկայիս բարձրության վրա և տարածական առումով նույնիսկ ավելի ազատ է դառնալու։
Սանամյանը շարունակել է պնդել, որ նոր համալիրի կառուցման արդյունքում եկեղեցին, հակառակը, ավելի է «խեղճանալու»։
Քննարկմանը հնչել է նաև մեկ այլ մտահոգություն․ եթե Համաշխարհային առևտրի կենտրոնի նախագիծը կառուցվի հիմա, իսկ հետո մեկնարկի Կոնդի վերակառուցման ծրագիրը, հնարավոր է՝ երկու նախագծերի միջև քաղաքաշինական և իրավական հակասություն առաջանա։
«Այնպես չստացվի, որ դուք բացեք տարածքը․․․ հետո Կոնդի ծրագիրը գա և մխրճվի Ձեր ծրագրի մեջ, և հայտնվենք պետական ու իրավական մեծ հակասությունների մեջ։ Իմ կարծիքով՝ արժեր գոնե այս փուլում ուրվագծել, թե ինչ է նախատեսվում եկեղեցու տարածքում»,- նշել է ճարտարապետ Ամիրան Բադիշյանը գիտամեթոդական խորհրդի նիստում։
Վերջում գիտամեթոդական խորհուրդը նախագիծն ընդունելի է համարել, բայց պայմանով, որ անհրաժեշտ է վերանայել եկեղեցուն հարակից տարածքի կառուցապատումը։
Այս նախագծի նկատմամբ պահանջներ ունի նաև Պետական պահպանության ծառայությունը։ Դրանք վերաբերում են ոչ թե պատմամշակութային միջավայրին, այլ անվտանգության խնդիրներին։
Ծառայությունն առաջարկել է դեպի Կոնդի առանձնատներ նայող հատվածում՝ զրոյական նիշից 9 մետր բարձրությունից սկսած, կիրառել անշարժ և մուգ ապակիներ, որպեսզի սահմանափակվի տեսանելիությունը դեպի պահպանվող օբյեկտներ։
Բացի այդ, նախագծով նախատեսված երկու երկնաքերերի՝ 50 մետրից բարձր գտնվող բոլոր հարկերի պատուհանները պետք է լինեն անշարժ և առանց բացվող փականների։ Առաջարկվել է նաև կիրառել մգեցված ապակիներ։ 50 մետրից բարձր հարկերում չպետք է լինեն նաև բաց պատշգամբներ կամ տեռասաներ։
Սարյան 22 հասցեում արդեն սկսել են քանդել «Հայփոստ»-ի նախկին շենքը, որը կառուցվել է 1976 թվականին՝ խորհրդային մոդեռնիզմի ոճով։ Քանդման համար ընտրվել է միջին ինտենսիվությունը։
Փորձագետները զգուշացնում են՝ տարածքը սովորական շինհրապարակ չէ։ Շենքի տակ և հարակից հատվածներում գտնվում են դեպի Հրազդանի կիրճ և Մանկական երկաթուղի տանող թունելները, և ցանկացած սխալ հաշվարկ կարող է խնդիրներ ստեղծել արդեն գոյություն ունեցող ստորգետնյա կառույցների համար։
Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության մեջ նշվում է․ «Առաջարկվում է գոյություն ունեցող թունելների կոնստրուկցիաների տեխնիկական վիճակի հետազննություն, ճարտարագիտական համապատասխան հաշվարկներ՝ հողային աշխատանքների կատարման ժամանակ հողափոր մեխանիզմների ազդեցությունից առաջացող վտանգների գնահատմամբ։
Մասնաշենք 1-ի ստորգետնյա և առաջին հարկերի քանդման ժամանակ անհրաժեշտ է բացառել թունելներով երթևեկության իրականացումը»։
Շինարարության ընթացքում առաջացած գրունտային հողը և շինարարական աղբը տեղափոխվելու են Նուբարաշենի աղբավայր։ Շենքերի և շինությունների ապամոնտաժման աշխատանքները նախատեսված են մեկուկես տարի և կշարունակվեն մինչև 2027 թվականի դեկտեմբերի 16-ը։
Եվգենյա Համբարձումյան