Իսրայելի գործողությունները Սիրիայում կարող են որակվել որպես պատերազմական հանցագործություններ․ Reuters

ՄԱԿ-ի՝ Սիրիան հետաքննող հանձնաժողովը երեքշաբթի օրը հայտարարել է, որ խորապես մտահոգված է Իսրայելի ռազմական ակտիվությամբ երկրի տարածքում՝ նախազգուշացնելով, որ որոշ գործողություններ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց կալանավորումը, կարող են համարվել պատերազմական հանցագործություններ, հայտնել է Reuters-ը։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին թարմացված զեկույց ներկայացնելով՝ հանձնակատար Ֆիոնուալա Նի Աոլայնը նշել է, որ Սիրիայի հարավում Իսրայելի ռազմական գործողությունները դարձել են «ավելի ու ավելի կայուն և արմատացած», կրկնվող ցամաքային ներխուժումներով, պարեկություններով, ռեյդերով և խուզարկություններով, որոնք ազդում են քաղաքացիական բնակչության վրա։

Ժնեիւում Իսրայելի առաքելությունը մեղադրել է հանձնաժողովին «Իսրայելի դեմ ուղղված նիստ» անցկացնելու մեջ և ասել, որ Իսրայելը Սիրիայում տարածքային հավակնություններ չունի։ «[Իսրայելը] պահպանում է Սիրիայի 0.1%-ի չափով ժամանակավոր բուֆերային գոտի՝ իր քաղաքացիներին ապացուցված անվտանգության սպառնալիքներից պաշտպանելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Իսրայելական զորքերը մտել են ՄԱԿ-ի կողմից պարեկվող բուֆերային գոտի Ասադի կառավարության անկումից հետո՝ 2024 թվականի դեկտեմբերին, քայլ, որը Իսրայելը որակել է որպես ժամանակավոր և անհրաժեշտ՝ քաղաքական անցման ընթացքում իր սահմանն ապահովելու համար։

Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվել է 49 սիրիացի, այդ թվում՝ երկու երեխայի։ Հանձնաժողովը հայտարարել է, որ Իսրայելի ընդլայնվող ռազմական ներկայությունը խախտում է Սիրիայի սուվերենությունն ու 1974 թվականի Ուժերի տարանջատման մասին համաձայնագիրը։

«Նման գործողությունները կարող են համարվել պատերազմական հանցագործություններ», – ասել է Նի Աոլայնը։

Նիստին զուգահեռ հրապարակված հայտարարության մեջ հանձնաժողովը նշել է, որ որոշ ձերբակալվածներ պահվում են մեկուսացված, ինչը մտահոգություններ է առաջացնում հնարավոր խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի վերաբերյալ։ Այն նշել է, որ Իսրայելի ռազմական գործունեությունը հանգեցրել է բնակիչների տեղահանման, և Իսրայելի ներկայությունը տարածքում որակել է որպես «ռազմատենչ օկուպացիա»։

Հանձնաժողովը հայտարարել է, որ համաձայն է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որ Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումները անընդունելի են և պետք է դադարեցվեն։

Սիրիայի ներկայացուցիչը ողջունել է հանձնաժողովի եզրակացությունները և վերահաստատել Դամասկոսի հանձնառությունը համագործակցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների հետ՝ միաժամանակ հետապնդելով նախկին կառավարության օրոք կատարված չարաշահումների համար պատասխանատվությունը։

Leave a comment