Ղազարյան․ Կառաջարկեի որպես աշխարհի վերջ չնկարագրել գազի գնի թանկացումը (PAN.am)

ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի ժամկետներին և պատասխանել գազի գնի հնարավոր թանկացման մասին հարցին:

«Կառաջարկեի որպես աշխարհի վերջ չնկարագրել գազի գնի թանկացումը, կամ ԵԱՏՄ-ից դուրս գալ ԵՄ չմտնելը։ Դա նույնպես տարբերակներից մեկն է, որ ՀՀ-ն կարող է սպառել բարձր գնով գազ։ ՀՀ քաղաքացիները կունենան և′ գազ, և′ գազի փող։ Չեմ կարծում, որ ՀՀ-ն պետք է կարևոր հարցերում կոմպրոմիսի գնա գազի գնի պատճառով»,-ասել է նա, հայտնում է Aravot.am-ը:

Ղազարյանն այդպես է պատասխանել լրագրողների այն դիտարկմանը հնարավոր մի իրավիճակի մասին, երբ Հայաստանը դադարեցնի ԵԱՏՄ-ին անդամակցությունը, սակայն չկարողանա անդամակցել ԵՄ-ին, իսկ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը՝ այն հասցնելով 600-700 դոլարի։

Լրագրողները հիշեցրել են, որ Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը հայտարարել է՝ դեռ վաղ է կոնկրետ ժամկետ նշել, թե երբ ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել ԵՄ երկրներ։

«Ինչու դուք չգիտեի՞ք, որ ՀՀ-ն պետք է սպասի։ Մենք հայտարարել էինք՝ մեր վերջնաժամկետը մոտավոր 2029 թվականն է, որի գործողությունների ծրագիրը կա։ ԵՄ պայմանն այն է, որ գործողությունների ծրագիրն ավարտելուն պես․ ոչ հետ, ոչ առաջ գնալու այլ ընթացակարգ գոյություն չունի»,- ասել է նա:

Լրագրողները նաև հետաքրքրվել են այն տեսակետով, ըստ որի՝ ԵՄ պաշտոնյայի հայտարարությունը կարող է կապված լինել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորության վերաբերյալ հայտարարության հետ։ Պատգամավորը նման կապը բացառել է։

«Չի կարող վիզաների ազատականացումը որևէ քաղաքական հայտարարության հետ կապված լինել, տեխնիկական չափանիշների մասին է խոսակցությունը, քաղաքական որոշումն արդեն կայացվել է, երբ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկ է սկսվել»,-ասել է պատգամավորը:

Ռուսաստանից հնչող՝ հանրաքվեի անցկացման վերաբերյալ հայտարարություններին անդրադառնալով՝ Ղազարյանը նշել է, որ այդ փուլին հասնելու համար անհրաժեշտ ընթացակարգեր կան։

«Մենք, իհարկե, հանրաքվե կանենք, բայց դրա համար ընթացակարգեր կան, որ հասնենք հանրաքվեի փուլին։ Շնորհակալ եմ աջակցության համար, որ առաջարկում են հանրաքվե անել։ Հանրաքվեն չի կարող այս տարի լինել»,-ասել է նա:

Լրագրողները նաև հարցրել են՝ արդյոք մինչև 2029 թվականը՝ ԵՄ-ի նշած ժամկետը, Հայաստանը շարունակելու է օգտվել ԵԱՏՄ-ից ստացվող օգուտներից։

«Ի՞նչ է նշանակում ԵԱՏՄ-ից օգտվել, ԵԱՏՄ-ն բարեգործական կազմակերպությո՞ւն է։ ԵԱՏՄ-ն տնտեսական կազմակերպություն է, մենք միմյանցից օգտվում ենք։ Այնպես չէ, որ ՀՀ-ն միակ օգտվողն է այդ կազմակերպությունից։ ԵԱՏՄ-ն կշարունակի ՀՀ-ից օգտվել այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ն չի որոշել դադարեցնել անդամակցությունը»,-ասել է Ղազարյանը:

Եվրահանձնաժողովի գլխավոր խոսնակը, ՀՀ-ի համար վիզայի ազատականացման ժամկետի մասին խոսելով, նշել էր, որ դեռևս վաղ է նշել կոնկրետ ժամկետ, թե երբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ճանապարհորդել Եվրոպական Միության երկրներ:

Leave a comment