Հայաստանը դիմել է ԵԱՏՄ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի՞, ինչո՞ւ է Փաշինյանի թիմը ոտուձեռք ընկել

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գասպարյանը հայտնել է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ին բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները և ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն։

«ԵԱՏՄ-ի շրջանակում գործում են կոնկրետ մեխանիզմներ, որոնք կարելի է կիրառել, որպեսզի այդպիսի խոչընդոտները վերանան, և մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունը: Մենք բողոքել ենք և վստահ ենք, որ այդ մեխանիզմները պետք է գործեն»,- համոզվածություն է հայտնել փոխնախարարը: Տիգրան Գասպարյանը վստահ է, որ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման համար ստեղծված խոչընդոտները չեն համապատասխանում ԵԱՏՄ համաձայնություններին ու սկզբունքներին, ուստի Հայաստանը պայքարում է, որպեսզի այդ սկզբունքները լիարժեքորեն գործեն:

«Հայաստանը ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ է, և այդ կառույցի ամբողջ գործիքակազմն ու մեխանիզմները պետք է կիրառվեն նաև մեր դեպքում»,- հավելել է փոխնախարարը:

Թե՛ Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի՝ Վլադիմիր Պուտինի հետ խոսելու հանդուգն տոնը, թե՛ այն փաստը, որ Հայաստանին ԵԱՏՄ կառույցից հեռացնելու որևէ իրավունք չկա (քանի որ հայկական կողմը որևէ խախտում թույլ չի տվել և ԵԱՏՄ-ից դուրս գալու ցանկություն չի հայտնել), և թե՛ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին բողոքարկելու քայլը վկայում են այն մասին, որ ԵՄ-ի հետ Փաշինյանի թիմի կապած՝ շուկայի դիվերսիֆիկացիայի հույսերը ի դերև են եղել, և այս պահին ՀՀ կառավարությունը տնտեսվարողներին այլընտրանքային շուկա չի կարողանում ապահովել։ ՀՀ իշխանությունները ոտուձեռք են ընկել՝ հայտնվելով անելանելի վիճակում, քանի որ ստիպված են բյուջեից հսկայական գումարներ ծախսել և նոր պարտքեր կուտակելով՝ լրացուցիչ բեռ ստեղծել պետական պարտքի համար, որպեսզի կարողանան փոխհատուցել ռուսական շուկայի սահմանափակումների պատճառով Հայաստանի կրած վնասները։

Մասնագետները դեռ իշխանության ներկայացուցիչների կողմից շուկան դիվերսիֆիկացնելու և հայկական ապրանքները եվրոպական երկրներ արտահանելու մասին ամպագոռգոռ ու ինքնավստահ հայտարարությունների ժամանակ էին ասում, որ շուկա գրավելը, այնտեղ հաստատվելն ու յուրացնելը երկար տարիների ջանք ու աշխատանք են պահանջում և մեկ օրում հնարավոր չէ կազմակերպել այդ գործընթացը, որքան էլ ՔՊ-ականները երազեն դրա մասին։ Եվ հիմա նրանք բախվել են դաժան իրականությանը և փորձում են իրենց սխալներն արդարացնել ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, որոշ հարցերում հաշվի նստելու, գուցեև սիրաշահելու միջոցով, այլ կոշտ հայտարարություններով ու քայլերով։

Հիմա էլ որոշել են ԵԱՏՄ մյուս պետությունների ձեռքով սաստել Ռուսաստանին՝ այն պետությանը, որն առանցքային դեր ու նշանակություն ունի ԵԱՏՄ կառույցում։ Նախ նշենք, որ Ռուսաստանն ի սկզբանե ապահովագրել է իրեն նմանատիպ հանդուգն «հարձակումներից»՝ պարբերաբար հայտարարություններ տարածելով, թե ռուսաստանյան սահմանափակումներն ամենևին քաղաքական գործիքակազմ չեն Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, այլ հայկական արտադրանքի խնդրահարույց որակի մասին ահազանգ են և այդ որակը բարելավելու հորդոր՝ հետագա համագործակցությունը նորից հնարավոր դարձնելու համար։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն իր հերթին արձանագրել է, որ հայկական արտադրության մթերքները որակի հետ կապված խնդիրներ ունեն, և զուր չէ, որ նա արհեստական ջրամբարներում աճեցված ձուկ ուտելուց խուսափում է։

Նման հայտարարություններ անելուց հետո ի՞նչ ակնկալիքով է նրա նախարարը դիմում ԵԱՏՄ՝ ընդդեմ ռուսական սահմանափակումների։ Կանխատեսելի՞ չէ, որ ԵԱՏՄ մնացած երկրները ևս, վկայակոչելով այդ կառույցի կարգավորումներն ու պահանջները, պետք է Հայաստանին հորդորեն աշխատել սեփական արտադրանքի որակի վրա և այն համապատասխանեցնել ԵԱՏՄ պահանջներին։ Իսկ Հայաստանի դիմումը կմնա որպես հերթական հուսահատ ու անպատասխան քայլ։

Թագուհի Ասլանյան

Leave a comment