Պապոյանը Bluemart-ի ղեկավարության հետ քննարկել է հայկական արտադրանքի ներկայացվածության հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպում է ունեցել Bluemart խոշոր առևտրային ցանցի ղեկավարության հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նախարարը մանրամասնել է, որ Bluemart-ը Մերձավոր Արևելքում հիմնադրված առաջատար հիպերմարկետների և սուպերմարկետների ցանց է, որն աշխարհի տարբեր երկրներից բարձրորակ ապրանքների լայն տեսականի է առաջարկում։ Ընկերությունը զարգացնում է նաև առցանց վաճառքի ուղղությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Bluemart-ի հետ համագործակցության հեռանկարները, ինչպես նաև առևտրային ցանցի հիպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու հնարավորությունները։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն արդեն մեկնարկել է՝ առաջին փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով։ Հետագա փուլերում նախատեսվել է արտահանվող արտադրանքի ծավալն ավելացնել։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ արտահանումը կազմակերպվել է օգոստոսի 27-ին Դուբայում հիմնադրված «Watermelon Ecosystem» ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում:

Leave a comment