Ռուսաստան և Ուկրաինա Սպիտակ տան բանագնացների այցի ֆոնին հայտարարված ժամանակավոր մասնակի հրադադարն ավարտվել է, ռուսական ուժերը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով կրկին հարվածել են Կիևին, հրդեհներ են բռնկվել, կան զոհեր և վիրավորներ: Հարվածներ են հասցվել նաև Օդեսային:
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 384 ԱԹՍ խոցելու մասին: Թիրախում է եղել այդ թվում Մոսկվայի շրջանը: Ղրիմում և Բրյանսկի մարզում կան զոհեր և վիրավորներ: Քաղաքացիական անձինք են տուժել Սարատովում:
Զուգահեռ՝ Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցություններից: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Մոսկվայում և Կիևում քննարկել են ձմռանն ընդառաջ իրավիճակի լիցքաթափման հնարավոր տարբերակները: Զելենսկին նշել է, որ ամերիկյան կողմի ևս մեկ հիմնական նպատակներից է նպաստել Ռուսաստան-Ուկրաինա սառեցված բանակցությունների վերսկսմանը: Նա մտահոգություն է հայտնել, որ ռուսական ուժերն այս տարի ևս հարձակվելու են ուկրաինական էներգետիկ համակարգի վրա: Այնուհանդերձ, ըստ Զելենսկու, Վլադիմիր Պուտինը չի ցանկանում հիասթափեցնել Դոնալդ Թրամփին և պատրաստ է քննարկել բանակցություններն առաջ մղելու գաղափարները։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ մինչև հոկտեմբեր կարող են նորություններ լինել:
Սթիվ Ուիթքոֆն էլ հայտարարել է, որ բանակցություններում նշանակալի առաջընթաց կա, և մոտ ապագայում հնարավոր է՝ Վաշինգտոնի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպվի:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: