Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին


Սեպտեմբերի 7-ին արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ  Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակությամբ: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:


Վահան Կոստանյանը շնորհավորել է դեսպան Էսկյուդիեին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։ Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետագա ամրապնդման և ռազմավարական գործընկերության խորացման գործում։


Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի շուրջ՝ անդրադառնալով Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագրով նախանշված ուղղություններով համագործակցության առաջմղմանն ու նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը։


Այս համատեքստում զրուցակիցներն ընդգծել են նաև առևտրատնտեսական և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության կարևորությունը՝ որպես երկկողմ օրակարգի առանցքային ուղղություններ:

Դիտումների քանակ9

Leave a comment