Փաշինյանը նշել է աշխարհի լավագույն 200 համալսարանների շրջանավարտներին պետական կառավարման համակարգ ներգրավելու և այդ ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը:
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Խորհրդի նախագահ Ալեքսանդր Շաղիկյանը նշել է, որ ակումբը Հայաստանում գործունեություն ծավալող շրջանավարտների մասնագիտական հարթակ է և միավորում է Օքսֆորդի համալսարանում կրթություն ստացած անձանց, որոնք ներկայացնում են բիզնեսի, ֆինանսների, տեխնոլոգիաների, հանրային քաղաքականության և մասնագիտական ծառայությունների ոլորտները։
«Վարչապետին են ներկայացվել աշխարհի առաջատար 50 համալսարանների հայ շրջանավարտների գլոբալ ցանցի ձևավորման ու նրանց ներուժի ներգրավման, տաղանդավոր երիտասարդների աջակցման հիմնադրամի ձևավորման, հոկտեմբերին Երևանում նախատեսվող «Հայաստան-Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի» կազմակերպմանը վերաբերող նախաձեռնությունները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը նշել է աշխարհի լավագույն 200 համալսարանների շրջանավարտներին պետական կառավարման համակարգ ներգրավելու և այդ ուղղությամբ աշխատանքների հետևողական իրականացման կարևորությունը: