ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Bovo GAS բիոգազի արտադրության գործարան, շրջել գործարանի արտադրական հատվածներում՝ ծանոթացել բիոգազի ստացման գործընթացին և կիրառվող տեխնոլոգիական լուծումներին։
Ընկերության հիմնադիր և սեփականատեր, Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը նախարարին ներկայացրել է Bovo GAS-ի գործունեությունն ու արտադրական ամբողջ շղթան։ Նա անդրադարձել է նաև Բալթյան երկրների էներգետիկ համակարգի զարգացման գործում ընկերության ունեցած ներդրմանը, ինչպես նաև արդեն իրականացված և ընթացիկ ծրագրերին։
Ընդգծվել է, որ Bovo GAS-ը Լատվիայում 2024 թվականի մարտից գործող բարձրորակ բիոմեթանի արտադրության եզակի գործարան է։ Այն մաքրում է բիոգազը, իսկ ստացված բիոմեթանն անմիջապես մատակարարում Լատվիայի բնական գազի ցանց։
Նշվել է, որ այս նախագիծը գյուղատնտեսական թափոնները վերականգնվող էներգիայի վերածելու լավագույն օրինակներից մեկն է։ Արտադրական շղթան բիոգազի արտադրությանը զուգահեռ ներառում է հավկիթից մինչև բարձրորակ պարարտանյութի արտադրություն։
Գործարանում շրջայցի ընթացքում կողմերը քննարկել են փորձի փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանում բիոգազի արտադրության զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության առաջնահերթությունների թվում են էներգետիկ դիմակայունության ամրապնդումն ու էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը։