Կենտրոնական Ասիայի ամենամեծ մարզադաշտի կառուցումը արժեցել է 386 մլն դոլար

Միջին Ասիայի ամենամեծ՝ «Բիշքեկ Արենա» մարզադաշտի կառուցումն արժեցել է 386 միլիոն դոլար։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղար Ասկատ Ալագոզովը։

««Բիշքեկ Արենա» մարզադաշտը կառուցվել է 386 մլն դոլարով։ Տեղեկությունն այն մասին, թե իբր այն կառուցվել է 60 միլիոն դոլարով, սուտ է», – գրել է մամուլի քարտուղարը։

Նրա խոսքով՝ թվերի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ երբ մարզադաշտի շինարարությունը նոր էր սկսվում, նախատեսվում էր կառուցել 30–35 հազար հանդիսականի համար նախատեսված սովորական մարզադաշտ։ Սակայն ավելի ուշ նախագահ Սադիր Ժապարովն ամբողջությամբ փոխել է սկզբնական նախագիծը և խնդիր է դրել կառուցել այնպիսի մարզադաշտ, որը բյուջեի համար բեռ չի լինի, այլ կկարողանա եկամուտ բերել։

«Նախագծի ընդլայնման մեկ այլ պատճառ է դարձել ՖԻՖԱ-ի պահանջը․ միջազգային համաշխարհային մակարդակի մրցաշարեր անցկացնելու համար մարզադաշտը պետք է տեղավորի առնվազն 50 հազար հանդիսական»,- պարզաբանել է մամուլի քարտուղարը։

Ալագոզովը ներկայացրել է նոր մարզադաշտի հիմնական բնութագրերը․ այն նախատեսված է 51 հազար հանդիսականի համար, ունի ութ հարկ, բարձրությունը 70 մետր է, իսկ տրամագիծը՝ 280 մետր։ Ներսում տեղակայված են սուպերմարկետ, 48 խանութ, 33 սրճարան ու ռեստորան և չորս կինոսրահ։

Leave a comment