Քոչարյանի պաշտպանները կարող են դիմել միջազգային ատյաններ (PAN.am)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիտարկում է միջազգային ատյաններ դիմելու հնարավորությունը։ Այդ ասուլիսում հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

«Գուցե դիմենք ՄԻԵԴ կամ գուցե ՄԱԿ, որովհետև երկուսն իրար բացառող բաներ են։ Պարտադիր բոլոր իրավական գործիքներն օգտագործվելու են»,- ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա նշել է, որ միջազգային ատյաններ դիմելը միանշանակ իրավական գործընթացի պարտադիր բաղկացուցիչ է։ Որոշ դեպքերում նախապայմաններ կան, օրինակ` եթե հրատապության խնդիր չկա, կյանքին, առողջությանը սպառնացող, խոշտանգման վտանգներ չկան, ենթադրվում է, որ ներպետական ատյանները պետք է սպառել, հետո նոր հասնել եվրոպական դատարան կամ որևէ այլ միջազգային կառույց։ Բացառություններ կան այն դեպքում, երբ հիմնավորվում է, որ ներպետական ատյաններն արդյունավետ չեն։

Խուդոյանը հայտնել է, որ տվյալներ են հավաքագրվում դատական և իրավապահ համակարգերի գործունեության վերաբերյալ, ինչի պատճառով չի բացառվում միջազգային ատյաններին արտահերթ դիմելու տարբերակը։

Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։Ռոբերտ Քոչարյանից ու Սեդրակ Քոչարյանից բացի, գործի շրջանակում ևս 4 անձ է ձերբակալվել, ըստ դատախազության` հանրային քրեական հետապնդում է հարուցվել 10 անձի, այդ թվում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ։

Leave a comment