Երևանում 3 անձ է կալանավորվել մարիխուանա իրացնելու մեղադրանքով (PAN.am)

Երևանում 3 անձ է կալանավորվել մարիխուանա իրացնելու մեղադրանքով, հայտնում է Քննչական կոմիտեն։

Քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ օտարերկրյա քաղաքացին առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 5 կգ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է Հայաստան:

Նախաքննության փուլում ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոցների տեղադրման վայրը, որտեղ փաթեթները վերցնելու պահին ձերբակալվել են Երևան քաղաքի բնակիչներ Ա.Մ.-ն, Տ.Բ.-ն, Դ.Բ.-ն և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

Նրանց նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առաձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու փորձը): Ա.Մ.-ն, Տ.Բ.-ն և Դ.Բ.-ն կալանավորվել են:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a comment