Հագուստի առևտրում բացահայտվել է 9․46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած լայնածավալ միջոցառումների արդյունքում հագուստի մանրածախ վաճառքի ոլորտում բացահայտվել է իրացման շրջանառությունն առանձնապես խոշոր չափերով թերհայտարարագրելու դեպք՝ 9․46 մլրդ դրամի:

Վարչության 15-րդ բաժնի կատարած վերլուծության ընթացքում համադրվել են ընկերության հարկային հաշվարկներում ներկայացված տեղեկությունները և գործունեության իրական ծավալները բնութագրող մի շարք ցուցանիշներ։ Էական անհամապատասխանություններ արձանագրելուց հետո ընկերությունը դասվել է բարձր ռիսկայինների շարքին, ինչին հաջորդել են թիրախային և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ընկերությունից ձեռք են բերվել ներքին հաշվապահական փաստաթղթեր, ինչպես նաև աշխատանքային համակարգիչներում պահպանված և օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տվյալներ։

Իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Երևանում թանկարժեք բրենդների հագուստի մանրածախ վաճառքով զբաղվող ընկերությունը վաճառքների մի մասի դիմաց կանխիկ վճարումներ է ընդունել, սակայն համապատասխան ՀԴՄ կտրոններ չի տրամադրել և այդ գործարքներն ամբողջ ծավալով չի ներառել հարկային հաշվարկներում։

Ձեռք բերված նյութերի համադրված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընկերությունն իր փաստացի իրացման շրջանառությունը հարկային հաշվարկներում մոտ 9 միլիարդ 460 միլիոն դրամով պակաս է ներկայացրել։ Հավաքված փաստական տվյալների հիման վրա հաշվարկվել է նաև պետական բյուջեին հասցված վնասը, որի չափը գերազանցել է 1 միլիարդ 500 միլիոն դրամը։

Հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Ներկայացված հաղորդման հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a comment