Կլիմայի փոփոխությունն արդեն փոխում է մալարիայի տարածվածությունն Աֆրիկայում

Կլիմայի փոփոխությունն արդեն փոխում է մալարիայի տարածվածությունն Աֆրիկայում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրել է.

«Կլիմայի փոփոխությունն արդեն ազդել է Աֆրիկայում մալարիայի տարածվածության վրա, ընդ որում՝ մայրցամաքի տարբեր հատվածներում ազդեցությունը հակառակ ուղղություններով է դրսևորվել։ Այս եզրակացությանն են եկել հետազոտողները՝ վերլուծելով Սահարայից հարավ գտնվող աֆրիկյան երկրներում երեխաների շրջանում մալարիայի տարածվածության ավելի քան մեկ դարի տվյալները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature գիտական ամսագրում։

Մալարիայի տարածումը հատկապես զգայուն է օդի ջերմաստիճանի նկատմամբ։ Հիվանդության հարուցիչ Plasmodium falciparum մակաբույծը և այն փոխանցող Anopheles ցեղի մոծակներն ունեն ջերմաստիճանային բավական նեղ միջակայք, որը նպաստավոր է վարակի փոխանցման համար։

Չափազանց ցածր ջերմաստիճանի դեպքում մակաբույծի զարգացումը դանդաղում է, իսկ չափազանց բարձր ջերմաստիճանի պայմաններում նվազում է մոծակների գոյատևման հավանականությունը։

Լաբորատոր պայմաններում P. falciparum-ի փոխանցումը առավել ինտենսիվ է մոտ +25 °C ջերմաստիճանի դեպքում և դառնում է աննշան՝ +16 °C-ից ցածր կամ +34 °C-ից բարձր ջերմաստիճաններում։

Հենց այդ պատճառով գլոբալ տաքացումն Աֆրիկայի տարբեր շրջաններում տարբեր ազդեցություն է ունենում։

Արևելյան և Հարավային Աֆրիկայի համեմատաբար զով շրջաններում ջերմաստիճանի բարձրացումը մալարիայի տարածման համար ավելի բարենպաստ պայմաններ է ստեղծում։ Սա հատկապես վերաբերում է Եթովպիայի, Քենիայի, Ռուանդայի, Բուրունդիի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան բարձրադիր շրջաններին։

Մինչդեռ Արևմտյան Աֆրիկայում, որտեղ ջերմաստիճանն արդեն մոտ է մալարիայի փոխանցման համար օպտիմալ սահմանին կամ գերազանցում է այն, հետագա տաքացումը կարող է, ընդհակառակը, նվազեցնել հիվանդության տարածվածությունը։

Հետազոտության հեղինակների գնահատմամբ՝ 1901–2014 թվականներին մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխությունը Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայում մանկական մալարիայի միջին տարածվածությունն ավելացրել է մոտ 1 լրացուցիչ դեպքով յուրաքանչյուր 1000 երեխայի հաշվով։

Միաժամանակ Արևելյան և Հարավային Աֆրիկայում արձանագրվել է տարածվածության աճ, իսկ Արևմտյան Աֆրիկայում՝ նվազում։

Հետազոտողները նշում են, որ կլիմայական գործոնի ազդեցությունն առայժմ համեմատաբար փոքր է մալարիայի դեմ պայքարի, առողջապահության զարգացման և սոցիալ-տնտեսական փոփոխությունների ազդեցության համեմատ։

Այսպիսով, կլիմայի տաքացումը մալարիայի տարածման աշխարհագրությունը փոխում է ոչ միատեսակ․ որոշ շրջաններում ռիսկն աճում է, իսկ մյուսներում՝ նվազում»։

Leave a comment