Լատվիան մտադիր է արգելել ավտոբուսային փոխադրումները դեպի Ռուսաստան և Բելառուս

Լատվիայի իշխանությունները մտադիր են արգելել կանոնավոր ավտոբուսային փոխադրումները դեպի Ռուսաստան և Բելառուս, այդ թվում՝ երկրի տարածքով անցնող տարանցիկ չվերթները։ Ինչպես գրում է Delfi-ն, համապատասխան փոփոխությունները մշակել և կառավարության քննարկմանն է ներկայացրել հաղորդակցության նախարարությունը։

Ներկայումս Լատվիայի և Ռուսաստանի միջև գործում է կանոնավոր ավտոբուսային մեկ երթուղի։ Այն ամեն օր իրականացնում է Ecolines ապրանքանիշի ներքո գործող Norma-A ընկերությունը։ Այս երթուղու թույլտվությունը գործում է մինչև 2027 թվականի հունվարի 9-ը, և այն երկարաձգել չի նախատեսվում։

Դեպի Ռուսաստան և Բելառուս ոչ կանոնավոր ավտոբուսային ուղևորափոխադրումները Լատվիայի իշխանություններն արգելել էին 2025 թվականի նոյեմբերի 1-ից։ Արգելքը գործում է մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը, և այն նախատեսվում է երկարաձգել ևս մեկ տարով։

Հաղորդակցության նախարարությունից հայտնել են, որ Լատվիայից կանոնավոր չվերթների սահմանափակման փաստացի ազդեցությունը լիարժեք չէ, քանի որ ուղևորները կարող են օգտվել Էստոնիայի և Լիտվայի տարանցիկ երթուղիներից, ինչպես նաև միկրոավտոբուսներով փոխադրման այնպիսի ծառայություններից, որոնք չեն ընկնում ավտոբուսային փոխադրումները կարգավորող նորմերի տակ։

Այս կապակցությամբ հաղորդակցության նախարարությունը «կշարունակի անվտանգության, տնտեսական և միջազգային պարտավորությունների ասպեկտների գնահատումը՝ Բալթյան երկրների և Եվրոպական միության մակարդակով համակարգված որոշման հանգելու նպատակով»։

Leave a comment