Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի ավագանու նիստում թեժ բանավեճ ծավալվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի միջև։

Զարոկյանը, խոսելով Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի մասին, հայտարարեց, որ կենտրոնի աշխատակիցների աշխատավարձերի համար ամսական նախատեսվում է 41 միլիոն դրամ, մինչդեռ, ըստ նրա, կառույցում չկան անհրաժեշտ մասնագետներ՝ այդ թվում երթևեկության ինժեներ։

Զարոկյանը նշեց, որ կենտրոնի ղեկավարը նախկինում ղեկավարել է «Ինշին» ՍՊԸ-ն, որը, ըստ նրա, երկու տարի առաջ Ավինյանին երկու գովազդային վահանակ է տրամադրել Խանջյան և Սայաթ-Նովա փողոցներում։

Ավագանու ընդդիմադիր անդամը նաև պնդեց, որ տեղեկություններ են շրջանառվում, թե կենտրոնի ղեկավարն Ավինյանի զարմիկի ամուսինն է՝ քաղաքապետին կոչ անելով հերքել կամ հաստատել այդ տեղեկությունը։

«Եթե իրականում Դուք լուրջ եք խցանումները վերացնելու, մեզ արդեն հերիք է այսքան տանջում եք Ձեր անգործությամբ, անգրագիտությամբ, ինչո՞ւ մի հատ նորմալ թրաֆիկ ինժեներ չեք բերում»,- ասաց Զարոկյանը։

Ավինյանը, սակայն, ընդհատեց նրան և զգուշացրեց, որ նման ձևակերպումների դեպքում կպատժվի։

«Եթե Դուք շարունակեք Ձեր անպարկեշտ, ամբարտավան բերանը բացել սխալ ձևով, շատ խիստ կպատժվեք, պարոն Զարոկյան»,- հայտարարեց քաղաքապետը։

Ավինյանը Զարոկյանին նախազգուշացում տվեց, ապա զրկեց ձայնի իրավունքից՝ հայտարարելով, որ ավագանու դահլիճում վիրավորական արտահայտություններն այլևս չեն հանդուրժվելու։

«Հերիք եղավ, բոլ եղավ»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ Զարոկյանի կողմից հնչեցված անգրագետ և այլ գնահատականները պետք է թողնել դահլիճից դուրս։

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

Leave a comment