Քաղաքականություն
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունն ավարտել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի երկայնքով 200 կիլոմետրանոց արգելապատնեշի կառուցումը: Շինարարությունը տևել է երեքուկես տարի և արժեցել 356 միլիոն եվրո: Պահպանման ծախսերը տարեկան կկազմեն ևս 1.5 միլիոն եվրո, գրում է Current time-ը։
Ինչպես հայտնում է ֆիննական Yle մեդիակորպորացիան, սահմանային արգելապատնեշը բաղկացած է մետաղական ցանցավոր ցանկապատից, դրա հարևանությամբ անցնող՝ խրամով առանձնացված ճանապարհից, անտառազուրկ գոտուց և տեխնիկական հսկողության համակարգից, որը ներառում է տեսախցիկներ, լուսարձակներ և բարձրախոսներ։ Այն անցնում է Ֆինլանդիայի 17 մունիցիպալիտետներով։ Շինարարությունն ազդել է մոտ հազար սեփականատերերի մասնավոր հողատարածքների վրա։ Պետությունը նրանց ընդհանուր մոտ 3 միլիոն եվրոյի փոխհատուցում է վճարել։ Միևնույն ժամանակ, սեփականատերերը, ինչպես նախկինում, կարող են ազատ տեղաշարժվել իրենց հողատարածքներում, սակայն սահմանապահ ծառայությունն իրավունք է ստանում օգտագործել պետական սահմանից մինչև 25 մետր խորությամբ տարածքը։
Սահմանային կառույցների հիմնական առաջադրանքը երկիր անօրինական ներգաղթի կանխումն է: Պաշտպանիչ ցանկապատ կառուցելու նախագիծը Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է 2022 թվականի վերջին՝ Արևելյան և Աֆրիկայի երկրներից Ռուսաստանով մուտք գործող միգրանտների թվի աճից հետո: 2023 թվականին Ֆինլանդիան փակել է Ռուսաստանի սահմանի բոլոր սահմանային անցակետերը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի