Հասարակություն
08.09.2026 | 13:02
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
Հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացվող ստուգումներում որևէ անձնավորված մոտեցում կամ բացառություն չկա. տեսչական գործընթացն ընդգրկում է մայրաքաղաքի բոլոր առևտրային ցանցերը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիք Բաբայանը՝ պատասխանելով գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետում իրականացված ստուգումների մասին Factor TV-ի հարցին։
«Մեր ծառայությունը ոչ թե մտել է կոնկրետ անձին պատկանող սուպերմարկետ, այլ Երևան քաղաքի բոլոր ցանցային սուպերմարկետները։ Եվ սա առաջին դեպքը չէ։ Բոլոր սուպերմարկետներում էլ հայտնաբերվել է ժամկետանց սնունդ։ Չի եղել գեթ մեկ սուպերմարկետ, որտեղ ժամկետանց ապրանք չլինի։ Մեր գերխնդիրը հենց ժամկետանց սնունդն է, որովհետև դրանից օգտվում են մեր բնակիչները»,- նշեց Բաբայանը։
Նրա խոսքով՝ «88»-ը ստուգվել է առավելագույնը մեկ-երկու անգամ, քանի որ մեծ առևտրային ցանցերի տեղազննությունը տևական ժամանակ է պահանջում. «Բոլոր սուպերմարկետներն ավարտելուց հետո անցնում ենք երկրորդական, երրորդական ստուգումների։ Տարվա ընթացքում կրկնակի խախտում արձանագրելու դեպքում կիրառվում է ավելի բարձր տուգանք»։
Ավետիք Բաբայանը նաև տեղեկացրեց, որ սուպերմարկետներից և բակային խանութներից զատ՝ քաղաքապետարանն այժմ անցել է դեղատների ստուգումներին։
«Շուրջ մեկ ամիս առաջ հորդորել էի դեղատներին՝ պատրաստվե՛ք, ժամկետանց դեղեր, մանկական սնունդ չենք հանդուրժելու։ Բացառություններ չկան. ինչը մտնում է մեր ծառայության լիազորությունների մեջ, հավասարապես վերաբերում է բոլորին»,- նշեց Բաբայանը։