«Երևանտրանս» ՓԲԸ-ն առաջիկայում կլուծարվի, նախագիծը քննարկվում է Երեւանի ավագանու այսօրվա նիստում։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասել է, որ «Երևանտրանսի» լուծարումը Երևանի ավագանու հաստատած «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի ստեղծման որոշման տրամաբանական շարունակությունն է, հայտնում է Aravot.am-ը:
Գրիգորյանն անդրադարձել է նաև երթևեկության խնդիրներին։
«Այսօր հանրության շրջանում քննարկվում է Երևան քաղաքի հանրային տրանսպորտի արդյունավետության և քաղաքի երթևեկության առաջ ծառացած մարտահրավերների հարցը։ Այս առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ որոշակի ինֆորմացիա հայտնել, թե քաղաքային իշխանության կողմից ինչ աշխատանքներ են իրականացվել և ինչ աշխատանքներ են իրականացվելու։
Երևանի երթևեկության կառավարման կենտրոն համայնքային հիմնարկի ստեղծումը միտված է էլ ավելի տվյալահեն որոշումների կայացմանը։ Ստեղծվել է համապատասխան միջավայր, որտեղ արդեն իսկ կուտակվում են քաղաքի թվային համակարգերից գեներացվող տվյալները, որոնք վերաբերում են երթևեկությանը։ Գրեթե ամբողջությամբ գույքագրվել է Երևանի լուսացուցային ենթակառուցվածքը»,- ասել է նա։
Գրիգորյանը նաև մանրամասնել է, թե խցանումները թեթևացնելու ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում։
Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հարց է ուղղել Մետրոպոլիտենի մասին։
«Փաստ է, որ այսօր Մետրոպոլիտենն իր հզորության կեսի չափով է գործում և պատճառը շարժակազմի սակավ լինելն է։ Որոշակի ժամերին մետրոյում սարսափելի վիճակ է, մարդիկ չեն տեղավորվում։ Ե՞րբ կունենանք նոր շարժակազմ ու լիարժեք գործող մետրոպոլիտենի գնացքներ»,-հարցրել է նա:
Փոխքաղաքապետը պատասխանել է․ «Արդեն մրցույթն իրականացվել է, հիմա կառավարությունից ֆինանսավորումը ստանալու փուլում ենք, որպեսզի առկա շարժակազմը, որը հնարավոր է վերանորոգել, ստացվի, ինչպես նաև ԾԻԳ-ի կողմից նոր շարժակազմի ձեռքբերման ուղղությամբ համապատասխան աշխատանք իրականացվում է»։