Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան եթերում, անդրադառնալով ապահովագրության շրջանակում երեխաներին տրամադրվող բուժծառայությունների փոխհատուցման կարգին, ասել է, որ կան դեպքեր, երբ որ խորհրդատվությունների համար առողջության ապահովագրությունը չի փոխհատուցում:
«Այո, կան դեպքեր, երբ որ խորհրդատվությունների համար առողջության ապահովագրությունը չի փոխհատուցում, քանի որ, օրինակ, ճիշտ չի պահպանվել ուղին՝ պոլիկլինիկա, հետո արդեն հիվանդանոց։ Քաղաքացին ուղիղ մոտեցել է հիվանդանոց՝ պլանային խորհրդատվության համար։ Սա ապահովագրությունը չի փոխհատուցի»,-ասել է նա:
Նա նշել է, որ առողջության ապահովագրությունը սահմանել է ծառայությունների հստակ ծավալ, որոնց համար իրականացվում են փոխհատուցումներ։
Նախարարը հավելել է նաև, որ որոշ դեպքերում ինչ-որ մի մասնագիտությամբ խորհրդատվությունը կարող է համավճար պարունակել, ինչը ևս կարգավորված է։
«Առողջապահական բոլոր ծառայությունները չեն կարող մտնել ապահովագրության շրջանակում»,- ասել է Ավանեսյանը։
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը սկսել է գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Սկզբնական փուլում ընդգրկվել է 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիները։ Առաջին փուլում ապահովագրության շահառուներ են դարձել նաև մինչև 18 տարեկանները և 65 տարին լրացած բոլոր անձինք՝ անկախ եկամտային մակարդակից։ Այս խմբերի համար պետությունը 2026 թվականին կիրականացնի 100 տոկոսանոց ֆինանսավորում։ Պարտադիր ապահովագրության փաթեթը տարեկան կազմում է 129, 600 դրամ և ներառում է կանխարգելիչ ու վաղ հայտնաբերման ծրագրեր, սքրինինգային, հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց համար պետությունը հոգում է մեծ մասը, և նրանք ամսական վճարում են ընդամենը 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարների զգալի հատվածը վերաուղղվում է ապահովագրական համակարգին։