Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Աշխարհաքաղաքական գործ» խորագրով պանելային քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը և Լևոն Քոչարյանը անդրադարձան Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին, վիզաների ազատականացման գործընթացին և երկրի ներքաղաքական իրավիճակին։

Խամոյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ Եվրահանձնաժողովի երեկվա հայտարարությանը։ Նշենք, որ հանձնաժողովի մամուլի խոսնակ Պաուլա Պինյոն ճեպազրույցի ժամանակ պատասխանել է FactorTV-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք հնարավոր է կանխատեսել, որ 2029 թվականը կլինի թիրախային ժամկետ Հայաստանի հետ վիզաների ազատականացման համար։ Պինյոն պատասխանել էր․ «Իսկ արդյո՞ք վաղաժամ է կանխատեսել, թե արդյոք 2029 թվականը կլինի վիզային ազատականացման պահը։ Կասեի, որ իսկապես վաղաժամ է այդքան կոնկրետ լինելը։ Բայց այն, ինչ կարող ենք հաստատել, այն է, որ քննարկումներ են ընթանում մի շարք ոլորտներում, և երբ այս թեմաները հասունանան, մենք կանցնենք հաջորդ փուլին՝ Հայաստանի հետ ավելի ու ավելի սերտ գործընկերության ուղղությամբ»։

Ագնեսա Խամոյանը դիտարկմամբ՝ եվրոպացի պաշտոնյաներն իրենք են «բացահայտում Նիկոլ Փաշինյանի ստերը»։

«Հայաստանը չի դառնալու Եվրամիության անդամ առաջիկա տասնամյակում կամ քսանամյակում։ Կեղծիք է, որ 2029-ին քաղաքացիներն առանց վիզայի կճամփորդեն Եվրոպա, թեև դա ամրագրված է կառավարության ծրագրում»,- հայտարարեց պատգամավորը։

Լևոն Քոչարյանն իր հերթին Փաշինյանին «պաթոլոգիկ ստախոս» որակեց․ «Դա իր էությունն է, դա իր տեսակն է, այդ մարդը սուտ է խոսում առաջին անգամ չէ, մշտապես՝ իր քաղաքական դիվիդենտներ քաղելու, ժողովրդին մոլորեցնելու համար այդ մարդը պատրաստ է ամեն ինչի՝ ամեն ստի, ամեն կեղծիքի, այնպես որ այստեղ, կարծում եմ՝ բացատրությունը շատ պարզ է, թե ինչու են սուտ գրել»։

Խամոյանի խոսքով՝ նոր «արատավոր պրակտիկա» է ի հայտ եկել, երբ քաղաքական հետապնդումների շրջանակում կապարակնքվում են բիզնեսներ։ Նրա խոսքով՝ եթե նախկինում կալանք էր դրվում գույքի վրա, բայց բիզնեսը շարունակում էր գործել, ապա հիմա հարյուրավոր քաղաքացիներ զրկվում են աշխատանքից։

«Ես նաև մի քանի հարցումներ եմ ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, Քննչական մարմին՝ իրավական հիմքերը այս կապարակնքումների բացահայտելու համար․ հուսով եմ՝ նախաքննական գաղտնիքի անվան տակ չեն փորձի խուսափել այս հարցերին պատասխանելուց»,- նշեց Խամոյանը։

Ըստ պատգամավորի՝ առաջիկա ամիսներին Հայաստանում սպասվում են լուրջ զարգացումներ՝ կապված Սահմանադրության փոփոխության, Տիգրանաշենի «հանձնման» և հայ-ռուսական հարաբերությունների անորոշության հետ։

«Մեզ առաջիկա երկու-երեք ամիսներին և առհասարակ առաջիկա մեկ տարվա ընթացքում լուրջ զարգացումներ են սպասվում, իսկ դրան միանշանակ նախագահ Քոչարյանը դիմադրելու է, և այս պայմաններում ակնհայտ է դառնում, թե ինչու է ինքը գտնվում կալանավայրում՝ դիմադրության այդ օջախը կոտրելու համար։ Ես կարծում եմ՝ սա ակնհայտ է, բայց ես վստահ եմ, որ նաև կալանավայրից այդ դիմադրությունը մեր կողմից միանշանակ լինելու է, և մենք չենք համակերպվելու այն օրակարգի հետ, որը Նիկոլ Փաշինյանը առաջ է բերել»,- ասաց Խամոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան

Leave a comment