Լեռնային Ղարաբաղում վերակառուցման աշխատանքներ իրականացնող ադրբեջանցի կապալառուն պնդում է, որ իրեն սպառնացել են ձերբակալությամբ՝ տեսանյութ հրապարակելուց հետո, որում նա բողոքում է աշխատանքի համար չվճարվելուց։ Այս մասին ասվում է OC Media-ի անդրադարձում։
Ադրբեջանը մոտ 22 միլիարդ մանաթ (13 միլիարդ դոլար) է հատկացրել Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների վերականգնման և վերակառուցման համար՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ավարտից ի վեր։
Ըստ լրատվամիջոցի՝ Կապալառու Նասիմի Հաթամովը և նրա «NIHAT 2024 LLC» ընկերությունը Խոջալուի շրջանի Դաշբուլաղ գյուղում (Աստղաշեն) աշխատանքներ են իրականացնում «Paramount Construction LLC»-ի ենթակապալառուի ներքո։ Անկախ Meydan TV-ի և Հաթամովի տվյալներով՝ իշխանությունները ընկերության հետ 3,4 միլիոն մանաթի (2 միլիոն դոլարի) պայմանագիր են կնքել՝ տարածաշրջանում աշխատանքներ իրականացնելու համար։
Հաթամովը «Paramount Construction LLC»-ին մեղադրել է իր ընկերության կատարած աշխատանքի դիմաց վճարումները չկատարելու մեջ։
Հաղորդվում է, որ Խոջալուում գտնվելու ժամանակ Հաթամովն ասել է, որ վճարման խնդրի վերաբերյալ զանգահարել է ոստիկանություն, սակայն, նրա խոսքով, ոստիկանությունը չի միջամտել։ Ավելի ուշ նա տեսաուղերձ է ձայնագրել և հրապարակել սոցիալական ցանցերում։
Հետագայում Հաթամովը հայտնել է, որ իրեն խոստացել են վճարել, եթե ինքը հեռացնի տեսանյութը։
Անկախ Meydan TV-ին տված մեկնաբանությունում Հաթամովն ասել է, որ իրեն զանգահարել է Բաքվում գործող «Tutto Bella» ընկերության ղեկավար Անար Մամեդովը և խնդրել հեռացնել տեսանյութը։ Ընկերությունը զբաղվում է շինարարությամբ, վերանորոգմամբ, կանաչապատմամբ և շինանյութերի արտադրությամբ։
Հաթամովն ասել է, որ ներկայացուցչությունում աշխատում է Թելման Քերիմլի անունով ներկայացուցիչ, որը զանգահարել է Անար Մամեդովին և խնդրել, որ տեսանյութը հեռացվի։
Նրա խոսքով՝ երեք շաբաթ սպասելուց հետո ինքը զանգահարել է Մամեդովին, որը հրաժարվել է իր խոստումից և հայտնել, որ իրեն վճարելը իր պարտականությունը չէ։ Հաթամովը նշել է, որ ավելի ուշ իրեն հրավիրել են Ստեփանակերտում գտնվող Ադրբեջանի նախագահի ԼՂ-ում հատուկ ներկայացուցչի գրասենյակ, որտեղ պաշտոնյան ասել է, որ մեկ շաբաթվա ընթացքում իրեն կվճարեն։ Այնուհետև նրան կրկին հրավիրել են գրասենյակ, որտեղ նա հանդիպել է մեկ այլ պաշտոնյայի։ Սակայն, Հաթամովի խոսքով, իրեն հասանելիք գումարը չի վճարվել, իսկ գրասենյակից դադարել են պատասխանել նրա զանգերին։
Տեսանյութը հրապարակելուց հետո Հաթամովը պատմել է, որ ոստիկանությունից զանգ է ստացել, որով պահանջել են ջնջել տեսանյութը։ Նա նաև պնդել է, որ ներկայացուցչությունից զանգ է ստացել և ասել են, որ եթե չջնջի տեսանյութը, կձերբակալվի և կարտաքսվի՝ չնայած այն հանգամանքին, որ ինքը Ադրբեջանի քաղաքացի է։
Հաթամովը նշում է, որ իրեն գումար է պետք իր աշխատակիցներին վճարելու համար՝ հավելելով, որ հարկային մարմիններին պարտքերը նույնպես ֆինանսական ծանրաբեռնվածություն են ստեղծել իր համար։
Նրա խոսքով՝ նախագծում աշխատել է 28 մարդ։ Նա նաև հայտնել է, որ պարտքերի պատճառով պարտատերերն իր ավտոմեքենան են վերցրել։ Հարկային պարտքերը կազմել են 17-18 հազար մանաթ (մոտ 10-11 հազար դոլար)։ Հաթամովը հայտարարել է, որ ոչ մի հանգամանքներում մտադիր չէ հեռացնել տեսանյութը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի