PISA-2025․ Հայաստանի սովորողների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումն ու դպրոցին կապված լինելու զգացումը


PISA-2025 միջազգային գնահատման արդյունքները ներկայացնում են Հայաստանի 15-ամյա սովորողների ոչ միայն գիտելիքները կյանքում կիրառելու կարողությունները, այլև ուսումնառության համար կարևոր վերաբերմունքն ու անձնային հատկանիշները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:


 


Հայաստանի սովորողների առավել ընդգծված ուժեղ կողմերն են՝


• հարմարվողականությունը՝ 9 միավոր,


• նպատակների սահմանման կարողությունը՝ 9 միավոր,


• դպրոցին կապված լինելու զգացումը՝ 8 միավոր,


• դպրոցի արժեքի գիտակցումը՝ 7 միավոր,


• զարգացմանը միտվածությունը՝ 6 միավոր։


 


Այս արդյունքները ցույց են տալիս, որ սովորողները կարողանում են հարմարվել փոփոխվող պայմաններին, նպատակներ սահմանել և իրենց դպրոցական համայնքի մաս զգալ։


 


Նրանք նաև կարևորում են դպրոցը և հիմնականում ունեն սեփական կարողությունները զարգացնելու ներքին պատրաստակամություն։ Այս հատկանիշները կրթական առաջընթացի համար կարևոր ներուժ են։


 


Միաժամանակ, գծապատկերը հստակեցնում է ուշադրություն պահանջող զարգացման ուղղությունները՝ տոկունությունը, հետաքրքրասիրությունը և օգնության դիմելու կարողությունը։


Այս ցուցանիշները կարող են ազդել նաև սովորողների կրթական արդյունքների վրա։


 


Նոր գիտելիքի նկատմամբ հետաքրքրությունը, դժվարության դեպքում օգնության դիմելու պատրաստակամությունը և անհաջողությունից հետո աշխատանքը շարունակելու կարողությունն արդյունավետ ուսումնառության կարևոր նախապայմաններ են։


Միաժամանակ, սովորողների գիտելիքների կիրառման հմտությունները ցածր են և կարիք ունեն զարգացման:


Կարևոր է նկատի ունենալ, որ գնահատմանը մասնակցած սովորողները հիմնականում կրթություն են ստացել հանրակրթության նախորդ չափորոշչով։


 


Այս իմաստով PISA-2025-ի արդյունքները հաստատում են կրթության ոլորտում մեկնարկած փոփոխությունների անհրաժեշտությունը և ծառայում են որպես ելակետ՝ նոր չափորոշչի ու արդեն իրականացվող բարեփոխումների ազդեցությունը հետագայում գնահատելու համար։

Դիտումների քանակ3

Leave a comment