Լյուիս Հեմիլթոնը ձեռք է բերել իր երազանքի ավտոմեքենան

Լյուիս Հեմիլթոնի կյանքում նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել․ աշխարհի յոթակի չեմպիոն ավտոարշավորդը դարձել է իր Ferrari F40 ավտոմեքենայի սեփականատերը։ Այս մոդելը մի ամբողջ սերնդի համար դարձել է անհասանելի երազանքի խորհրդանիշ։

Հեմիլթոնի և այս սուպերմեքենայի հարաբերությունները երկար պատմություն ունեն։ Դեռևս Ֆորմուլա-1-ի աշխարհում նորեկ եղած ժամանակ նա խոստովանել էր իր սերը Էնցո Ֆերարիի ստեղծագործության նկատմամբ։ Երկու տարի առաջ, երբ նա աղմկահարույց կերպով տեղափոխվեց իտալական թիմ, հենց F40-ն էր հայտնվել հիշարժան լուսանկարի հետին պլանում, որն արվել էր ավտոարշավորդի՝ թիմում աշխատանքի առաջին օրը։ Իսկ առաջնության ճապոնական փուլից առաջ նա այս մեքենային նվիրված տեսանյութ էր հրապարակել, որում Տոկիոյի լեգենդար Daikoku ավտոկայանատեղիում դրիֆթ էր անում։

Հատկանշական է, որ բոլորովին վերջերս Հեմիլթոնը բացահայտ խոսում էր այն մասին, որ արվեստի աշխարհով տարվելուց հետո վաճառել է իր բոլոր ավտոմեքենաները։ Սակայն մեկ մոդելի համար նա որոշել է բացառություն անել։ Այդ բացառությունը դարձավ F40-ը, որը, նրա խոսքերով, պարզապես մեքենա չէ, այլ իսկական արվեստի գործ։

Ավտոարշավորդի խոսքով՝ մեքենան երկար տարիներ՝ ավելի քան 30 տարի, անշարժ կանգնած է եղել մասնավոր ավտոտնակում՝ համբերատար սպասելով իր ժամանակին։ Այժմ, երկարատև «քնից» հետո, սպորտային մեքենան վերականգնման է հանձնվել Մարանելոյում գտնվող Ferrari Classiche-ի գործարանային բաժին։

Իր ձեռքբերման մասին Հեմիլթոնը երկրպագուներին հայտնել է սոցիալական ցանցերում․ «Սա իմ երազանքի մեքենան է, և ես դրա մասին երազել եմ դեռ մանկուց»: Գրառումը հավաքել է գրեթե երկու միլիոն «հավանում»։ Առաջիկայում Հեմիլթոնը նախատեսում է հրապարակել վերականգնման գործընթացին և վերականգնված լեգենդի հետ իր առաջին հանդիպմանը նվիրված մանրամասն ֆիլմ։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

Leave a comment