Մակրոնը ցանկանում է արգելել մինչև 15 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ խնդրելով մշակել համաեվրոպական օրենք, որը կարգելի 15 տարեկանից ցածր անձանց օգտվել սոցիալական ցանցերից։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ղեկավարի նամակը։

Փաստաթղթում Մակրոնը կոչ է անում «պաշտպանել Եվրոպական միության բոլոր երեխաներին» և հույս հայտնում, որ Եվրահանձնաժողովի մասնագետներն ակտիվորեն կներգրավվեն այս գործընթացում։ Նրա խոսքով՝ այսօր արդեն անհրաժեշտություն է առաջացել ավելի հեռուն գնալ և նոր եվրոպական օրենքով միասնական կանոններ սահմանել՝ ԵՄ ողջ տարածքում արգելելով մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր։

«Իրավիճակը հապաղում չի հանդուրժում»,- նամակում ընդգծել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահի կարծիքով՝ տարիքի ստուգումը պետք է հիմնվի ազգային ու եվրոպական հուսալի գործիքների վրա, որոնք միաժամանակ կապահովեն անձնական տվյալների պաշտպանությունը։ Բացի այդ, Մակրոնն առաջարկում է, որ ապագա եվրոպական օրենքը հնարավորություն տա հստակ սահմանափակել սոցցանցերի կախվածություն առաջացնող գործառույթները և ի սկզբանե ներդնի անվտանգության չափանիշներ, այդ թվում՝ հարթակներից օգտվելու ժամանակային լիմիտներ։

Ավելի վաղ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը որոշել էր, որ Մակրոնի առաջարկած արգելքը հակասում է Եվրամիության օրենսդրությանը։ Չնայած դրան՝ Մակրոնը մտադիր է հասնել այս օրենքի ընդունմանը մինչև 2027 թվականի գարունը։

Leave a comment