Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորներից հսկայական քարեր են թափվել
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում ժայռաբեկորներից քարերը թափվել ու հայտնվել են հետիոտնի համար անցման վայրում և ճանապարհին՝ երթևեկելի գոտում։
Պարեկները սահմանազատել են տարածքը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն պարեկները տեղեկատվություն են ստացել, որ քարաթափման հետևանքով մի քաղաքացու ավտոմեքենա է վնասվել։ Այս պահին պարեկները պարզում են այդ տեղեկատվությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ժայռաբեկորները ճանապարհի ավելի բանուկ երթևեկելի գոտում չեն հայտնվել, քանի որ տարիներ առաջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի միջամտության և գործողությունների արդյունքում այդ վտանգավոր ժայռաբեկորներին ամրացվել են հատուկ երկաթե պաշտպանիչ ցանցեր, և այդ ցանցերի շնորհիվ է այսօր կանխվել ժայռաբեկորների հայտնվելը երթևեկելի գոտում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։