Կաթողիկոսի գործը կրկին մակագրվել է դատավոր Ռուշանյանին (PAN.am)

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսնի առնչվող գործը կրկին մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին՝ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշման արդյունքում, հայտնում է Panorama.am-ը:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորները՝ Հակոբ Մանուկյանն ու Սերժ Ռուշանյանը, արդեն հրաժարվել են այս գործը քննելուց։ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, թե իրեն փաստաբանական արտոնագիր է տրամադրել տվյալ գործով փաստաբան Արա Զոհրաբյանը։ Սերժ Ռուշանյանն իր հերթին որոշել է, որ գործը պետք է քննվի Երևանում։

Դրանից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանն էլ որոշել է գործն ուղարկել Վճռաբեկ դատարան՝ պարզելու, թե որ դատարանում այն պետք է քննվի։ Արդյունքում, Վճռաբեկ դատարանի որոշմամբ, գործը «վերադարձել» է Ռուշանյանի մոտ։

Փետրվարի 14-ին հայտնի է դարձել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և վեց եպիսկոպոսների՝ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանին, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանին, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանին և Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀԱԵ Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հոդվածով։ Հոգևորականների նկատմամբ սահմանվել է ՀՀ տարածքը լքելու արգելք։

Մասնավորապես՝ Սարոյանը դատարանում վիճարկել է իրեն թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու որոշումը։ Նա միաժամանակ միջնորդել է կիրառել հայցի ապահովման միջոց՝ խնդրելով մինչև վերջնական դատական ակտի կայացումը վերականգնել իրեն թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը։

Հոգևորականը, սակայն, պաշտոնում չի վերականգնվել և հետագայում կարգալույծ է հռչակվել։ Գարեգին Բ-ի որոշմամբ թեմի առաջնորդ է նշանակվել մեկ այլ հոգևորական։ Գործով առաջադրված մեղադրանքը կառուցվել է հենց այս միջադեպի շուրջ։

Leave a comment