Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Սաեյմայի նախագահ Դայգա Միերինյայի հետ
Ռիգայում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահ Դայգա Միերինյայի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի խորհրդարանի հետ համագործակցության խթանման՝ բարեկամական խմբի ղեկավար Գունար Կուրտիսը։
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների զարգացման աճող դինամիկան։ Ընդգծվել է երկու երկրների կայուն զարգացման համար կարևոր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսություն, էներգետիկա, համագործակցության խթանման հարցում առկա մեծ պատրաստակամությունը։
Հանդիպմանն ընդգծվել է նաև Հայաստանի և Լատվիայի խորհրդարաններում բարեկամության խմբերի միջև ակտիվ համագործակցության շարունակականության, ինչպես նաև Հայաստան-Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ (NB8) ձևաչափում փոխգործակցության հետևողական զարգացման հարցում խորհրդարանական հարթակի կարևորությունը։
Մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։