Նախկինում մարդիկ Եկեղեցում խոսում էին շշուկով, այսօր ամեն մի թափթփուկ կարող է տարածքում ցուցադրել իր անասնական բարքն ու բառապաշարը

Տեղեկությունները, որ Հովհաննավանքի տարածքը կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը վերածել է «բիզնես կենտրոնի», որտեղ փարթիներ ու կերուխումներ են կազմակերպվում, վրաններ են տեղադրվում ու հնչում է «բլատնոյ» երաժշտություն, խիստ մտահոգիչ են։ Ու ամենևին կարևոր չէ, թե որքանով են այդ տեղեկությունները չափազանցված, որքանով՝ ոչ։ Կարևորն այն կարմիր գիծն է, որը հատված է թե՛ անհատական, թե՛ հավաքական առումով։ Կարևորը ազգային ինստիտուտների ամբողջական արժեզրկման համակարգված գործընթացն է, սահմանների ոչնչացումը, միջանձնային հարաբերությունների փլուզումը, հասարակությունում ընդունված նորմերի ոչնչացումը։

Ու այդ ամենն իրականացվում է իշխանության վերին օղակների լուռ համաձայնությամբ, երբեմն էլ ուղիղ հրահագնով։

Օրինակ՝ եթե նախկինում մարդիկ Եկեղեցու բակ էին մտնում ակնածանքով, ներսում խոսում շշուկով, այսօր ամեն մի թափթփուկ կարող է եկեղեցու տարածքում սուլել, բղավել, բարձրանալ հանգուցյալ կաթողիկոսի շիրիմներին ու հարվածել Եկեղեցու դռանը։

Եթե նախկինում մարդկանց համար Վեհափառից օրհնություն ստանալը ոմանց համար հույս էր, ոմանց համար մխիթարություն, ոմանց համար ոգևորություն, իսկ ճնշող մեծամասնության համար կարևոր իրադարձություն, ապա այսօր ամեն մի ոչնչություն իրեն թույլ է տալիս Վեհափառի հասցեին հնչեցնել սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ ու կոչել ավազանի անունով։

Եթե նախկինում հոգևորականը Վեհափառին համարում էր իր հոգևոր հայրը, ապա այսօր կարող է ըմբոստանալ վերջինիս դեմ, հրաժարվել ենթարկվելուց եկեղեցական կարգին, ըստ այդմ, նման գծեր հատած մարդը ինչո՞ւ չի կարող Եկեղեցու բակը վերածել շահույթ ստանալու աղբյուրի, հատկապես, որ իշխանությունները օրնիբուն հսկում են իր անվտանգությունը։

Եթե նախկինում հասարակության մեջ հարգանք կար մարդու սեռի, տարիքի, վաստակի, կենսագրության, կրթության ու գիտելիքների նկատմամբ, ապա այսօր կյանքում ոչնչի չհասած ամեն մի անգրագետ, կարող է իրեն թույլ տալ սոցիալական հարթակներում վիրավորել ում ուզի, առանց հաշվի առնելու, որ իր ու դիմացինի մեջ կա մի անջրպետ, որն ինքը անկարող է հաղթահարել, որ իրենք գտնվում են ինտելեկտուալ այնպիսի տարբեր հարթություններում, երբ ակամայից սկսում ես կասկածի տակ առնել, թե արդյո՞ք միայն մարդկային կերպարանքը բավարար է մարդ համարվելու համար։ Ընդ որում, այդ ամենը նույնպես խրախուսվում, երբեմն էլ ուղղորդվում է իշխանության կողմից։ Հետևաբար նման մարդիկ կխորշե՞ն եկեղեցու բակում իրենց անասնական վարքն ու բառապաշարը ցուցադրելուց, ամենևին՝ ոչ։

Այնպես չէ, որ նախկինում որևէ արատավոր երևույթ չի եղել, սակայն կար մի սահման, որից այն կողմ չէր անցնում նույնիսկ ամենավերջին ստահակը։ Իսկ այսօր այդ սահմանները չկան, այսօր խրախուսվում է անասնականը։ Այս իշխանությունների կողմից հասցված հարվածն այնքան ուժեղ է, որ միամտություն է կարծելը, որ դրանք հեշտության հնարավոր կլինի շտկել։ Այս իշխանությունների կողմից հանրային ապականմանն ուղղված քայլերն այնքան խորն են, որ այն հեշտությամբ չի լինի ուղղել, նույնիսկ եթե հենց այսօր տեղի ունենա իշխանափոխություն։ Իրենց հեռանալուց հետո ապականման հետքերը դեռևս երկար ժամանակ իրենց զգացնել են տալու։ Վնասն այնպիսի չափերի է հասնում, որ մոտ ապագայում նույնիսկ իրենք են մնալու իրենց հարվածների տակ, քանի որ չի բացառվում՝ ստեղծվի այնպիսի քաոս, որի կարգավորումը դուրս կգա մարդկային հնարավորության սահմաններից:

Կարեն Կարապետյան

Leave a comment