Ռատկո Մլադիչի հուղարկավորությունը Բելգրադում․ Սերբիայի իշխանությունների քայլերը սրել են հարաբերությունները ԵՄ-ի հետ

Բելգրադում տեղի է ունեցել Բոսնիայի սերբական բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչի հուղարկավորությունը, որը օգոստոսի 27-ին մահացել էր Հաագայի Միջազգային դատարանի բանտում։ Ցմահ ազատազրկման դատապարտված գեներալի հրաժեշտի արարողությանը, որն անցկացվել է պետական պատիվներով ու պատվո պահակախմբի մասնակցությամբ, մասնակցել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ, Սերբիայի և Ռեսպուբլիկա Սրպսկայի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Արդարադատության և Պաշտպանության նախարարները, Սերբական Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Պորֆիրիեն և Բելգրադում ՌԴ դեսպանը։

Չնայած նրան, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չի մասնակցել հուղարկավորությանը՝ պատճառաբանելով Ուզբեկստանի նախագահի հետ պաշտոնական բանակցությունները, արարողությունը լուրջ դիվանագիտական սկանդալ է առաջացրել Եվրամիության հետ։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը չեղարկել է այցը Սերբիա՝ հայտարարելով, որ ռազմական հանցագործությունների և ցեղասպանության համար դատապարտված անձի փառաբանումն անհամատեղելի է ԵՄ անդամակցության արժեքների հետ։

Ի պատասխան՝ Ալեքսանդր Վուչիչը Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչի մեկնաբանություններն անվանել է «անհիմն», մինչդեռ սերբ վերլուծաբանները նշում են, որ պետական ռեսուրսների ներգրավմամբ կազմակերպված հրաժեշտի արարողությունը հստակ ցույց է տալիս Բելգրադի պաշտոնական դիրքորոշումը։ Ռատկո Մլադիչը թաղվել է Տոպչիդերսկոյե գերեզմանատանը՝ դստեր կողքին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment