Վճռաբեկ դատարանի կարծիքը կաթողիկոսի գործի վերաբերյալ 

Քաղաքականություն

Վճռաբեկ դատարանի կարծիքը կաթողիկոսի գործի վերաբերյալ 

  Վճռաբեկ դատարանի քրեական պալատն այսօր արձանագրել է՝ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ վեց եպիսկոպոսների գործով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԱՐԴ/0444/01/26 քրեական վարույթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան փոխանցելով, դատարանը դրսևորել է բացառապես սուբյեկտիվ և ձևական մոտեցում՝ առանց օբյեկտիվ նախադրյալների նախաձեռնելով ընդդատության վեճ ու անհարկի դատական շրջապտույտ, դրանով իսկ առաջացնելով ՀՀ Սահմանադրությամբ ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի քննության և դրանից ածանցվող իրավունքների խախտման վտանգ:

Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին դատարանից։ 

Հիշեցնենք, որ գործը սկզբում մակագրվել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մանուկյանին։ Այս տարվա օգոստոսի 7-ին կայացած առաջին նիստի ընթացքում նա ինքնաբացարկ էր հայտնել’ պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիր է ստացել գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։ 

Այնուհետեւ գործը մակագրվել էր նույն դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Նա էլ գործն ուղարկել էր Երեւան’ պատճառաբանությունն այն է, որ Արման Սարոյանին (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) կարգալույծ անելու տնօրինության մեջ նշված չէ վայրը՝ Էջմիածինը, հետևաբար, Երևանում թող որոշեն՝ գործը ընդդատյա է Արմավիրի մարզի, թե Երևանի դատարանին։ Գործը մակագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։

Նա էլ դիմել էր Վճռաբեկ դատարան՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսներին առնչվող քրեական վարույթի ընդդատության հարցը լուծելու պահանջով։

 

 

  

 

Leave a comment