Մոլդովայի վերաինտեգրման հարցերով փոխվարչապետ, Տիրասպոլի հետ բանակցություններում Քիշնևի ներկայացուցիչ Վալերիու Կիվերը կարծում է, որ Մերձդնեստրի հակամարտության կարգավորումը հնարավոր է՝ առանց տարածաշրջանին հատուկ կարգավիճակ տալու:
Մոլդովայի իշխանություններն այժմ կիրառում են այնպիսի մոտեցում, որը նախատեսում է տարածաշրջանի աստիճանական վերաինտեգրում տնտեսական, հարկային, սոցիալական, կրթական և այլ ոլորտներում:
Փոխվարչապետը հիշեցրել է, որ Մերձդնեստրի հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների մասին 2005 թվականին ընդունված օրենքը նախատեսում է տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններ սկսելու երկու պայման՝ ժողովրդավարացում և ապառազմականացում։
«Եթե այս երկու պայմանները կատարված լինեին, մենք կարող էինք անցնել կարգավիճակի մասին բանակցություններին։ Այսօր, ցավոք, հեռու ենք դրանից և նույնիսկ չենք կարող խոսել նման բանակցությունների մասին։ Այդ պատճառով մենք կշարունակենք առանձին ոլորտներում երկու ափերի փուլային ինտեգրումը, որից հետո պարզ կդառնա կարգավորման վերջնական իրավաքաղաքական մոդելը»,- ասել է Կիվերը։