Քաղաքականապես ՀՀ իշխանություններին ձեռնտու է առավելագույն ժամանակ գտնվել երկու համակարգերի միջև, նշում է Մարկեդոնովը
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի գործող իշխանություններին քաղաքականապես ձեռնտու է հնարավորինս երկար հետաձգել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրությունը՝ աստիճանաբար նվազեցնելով կախվածությունը Մոսկվայից, բայց պահպանելով եվրասիական ինտեգրման առավելությունները: Նման կարծիք է հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը: Նա իր գնահատականն արտահայտել է «Бунин & Со» Telegram-յան ալիքում:
Մեկնաբանելով Բիշքեկում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ փորձագետը նշել է, որ առաջնորդներն ընդունում են երկկողմ հարաբերություններում «նոր նորմի» ձևավորումը, սակայն տարբեր կերպ են տեսնում դրա հեռանկարները: Առանցքային տարաձայնություններից մեկը մնում է Հայաստանի կողմից ինտեգրացիոն վեկտորի ընտրության հարցը՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ:
Մարկեդոնովը հիշեցրել է, որ բանակցություններից հետո Փաշինյանը ճիշտ է անվանել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումը և հայտարարել, որ Երևանը մտադիր չէ այն չեղարկել: Ընդ որում, վարչապետն ընդգծել է, որ օրենքի ընդունումը թույլ է տվել այս փուլում հանրաքվե չանցկացնել և հայ հասարակությանը լեգիտիմ այլընտրանք տրամադրել:
Միևնույն ժամանակ, խորհրդարանում ներկայացնելով Կառավարության 2026–2031 թվականների ծրագիրը, Փաշինյանն ավելի վաղ խոսում էր ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի նախապատրաստություն սկսելու մտադրության մասին՝ դրա անցկացումը կապելով Բրյուսել համապատասխան հայտ ներկայացնելու հետ: Մարկեդոնովի կարծիքով՝ հաջորդող հայտարարությունները վկայում են այդ դիրքորոշման ճշգրտման մասին:
Փորձագետն այս մոտեցումը բացատրում է երկու պատճառով: Առաջինը կապված է ներքաղաքական ռիսկերի հետ. հանրաքվեի ելքը կարող է անբարենպաստ լինել իշխանությունների համար, իսկ կողմերից մեկի նվազագույն առավելությունը՝ ցույց տալ հասարակության խորը պառակտումը:
Երկրորդ պատճառը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ արագ խզման հնարավոր տնտեսական հետևանքների մեջ է: Մարկեդոնովի խոսքով՝ նույնիսկ եվրոպական ինտեգրման կողմնակիցներն են ընդունում, որ Հայաստանը կարող է շատ բան կորցնել, իսկ վնասն արագ փոխհատուցելը բարդ է լինելու:
«Քաղաքականապես Հայաստանի այսօրվա իշխանություններին ձեռնտու է առավելագույն ժամանակ գտնվել երկու համակարգերի միջև՝ նվազեցնելով կախվածությունը Մոսկվայից և միաժամանակ չկորցնելով ԵԱՏՄ-ի առավելությունները», – նշել է փորձագետը:
Ընդ որում, նրա գնահատմամբ, հարցն այն է, թե որքան երկար Ռուսաստանը կհետևի ընտրության հետաձգմանը. «Դատելով ռուսական առաջին դեմքերի հռետորաբանությունից՝ Մոսկվայի համբերությունն արդեն սպառվում է»: