Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն դեռ համաձայնություն չի ստացել՝ որպես չեզոք միջնորդ իր մարդասիրական առաքելության շրջանակում Ադրբեջանում պահվող հայերին կրկին այցելելու համար։ Այդ մասին հայտնել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Ամատունին պարզաբանել է, որ նույնիսկ անհրաժեշտ համաձայնությունը ստանալու պարագայում կազմակերպությունը նախատեսվող այցի մասին նախապես չի հայտարարի։
Հուլիսի 8-ին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տեղեկացրել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության կազմում Բաքու մեկնելու իր մտադրության մասին։
«Առհասարակ, եթե լինում է հաստատում, միայն տեսակցության ավարտին մենք կարող ենք դա հրապարակային դարձնել»,– ասել է նա։
Ամատունին նշել է, որ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը պահպանելու և, ամենակարևորը, համաձայնությունը ստանալու դեպքում ԿԽՄԿ-ն պատրաստ է շատ արագ կազմակերպել տեսակցությունը։
«Այս պահին նման հաստատում մենք չունենք»,– ասել է Ամատունին։
Ադրբեջանում պահվող հայերի հետ ԿԽՄԿ ներկայացուցիչների վերջին տեսակցությունը կայացել է 2025 թվականի դեկտեմբերին, երբ կազմակերպությունն արդեն մշտական ներկայություն չի ունեցել Ադրբեջանում։ Ամատունին հայտնել է, որ թեև ԿԽՄԿ-ն նախորդ տարվա սեպտեմբերից այլևս չի գործել Ադրբեջանում, կազմակերպության կենտրոնակայանի մակարդակով Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսությունը շարունակվել է։
ԿԽՄԿ-ն չի հրապարակել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել այդ շփումների ընթացքում, քանի որ ներգրավված կողմերի հետ կազմակերպության երկխոսությունն իրականացվել է գաղտնապահության սկզբունքով։
«Բնականաբար, մենք փորձում ենք ուշադրություն հրավիրել բոլոր այն մարդասիրական հարցերի վրա, որտեղ մեր առաքելությունը կարող է շարունակել իրագործվել, և դրանց թվում են նաև Ադրբեջանում այս պահին պահվող հայերի տեսակցությունները»,– նշեց Ամատունին։
Պատասխանելով հարցին, թե Ադրբեջանում ԿԽՄԿ-ի մշտական ներկայության դադարեցումը և պահվող հայերին պարբերաբար այցելելու հնարավորության բացակայությունն ինչ խնդիրներ կարող են առաջացնել անազատության մեջ գտնվող անձանց համար՝ Ամատունին ընդգծել է, որ նման այցելությունների առանցքային գործառույթներից մեկը պահվող անձանց ու նրանց ընտանիքների միջև կապի ապահովումն է։
«Պատերազմական գործողությունների հետ կապված անազատության մեջ հայտնված մարդիկ ԿԽՄԿ-ի միջոցով հնարավորություն են ունենում անձնական տեղեկություններ փոխանակել հարազատների հետ։ Ընտանիքներն էլ, որոնք մշտապես անհանգստացած են իրենց հարազատի վիճակով, գոնե պարբերաբար լուր են ստանում նրանից։ Դա շատ մեծ հոգեբանական և բոլոր առումներով կարևոր նշանակություն ունի։ Դրանից զրկվելով՝ մարդիկ, բնականաբար, առաջին հերթին զրկվում են շատ կարևոր բաներից»,– մանրամասնել է Ամատունին։
ԿԽՄԿ ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ ընտանիքների հետ կապի պահպանումը տեսակցությունների միայն մեկ բաղադրիչն է։ Պահվող անձանց հետ անմիջականորեն շփվելով՝ ԿԽՄԿ ներկայացուցիչները հնարավորություն են ստանում տեղեկանալու նրանց խնդիրների մասին, որից հետո դրանք գաղտնի ձևաչափով քննարկում են պահող իշխանությունների հետ։
Այդ խնդիրները կարող են առնչվել պահման պայմաններին, անձանց նկատմամբ վերաբերմունքին և այլ հարցերի։
«Երբ ԿԽՄԿ-ն հնարավորություն ունի այդ տեսակցություններն իրականացնել, մենք կարողանում ենք հետո, զրուցելով պահող իշխանությունների հետ, նրանց ուշադրությունը հրավիրել այն հնարավոր խնդիրների վրա, որոնց բախվում են և որոնց մասին մեզ հայտնում են պահվող մարդիկ, ու փորձում ենք նպաստել դրանց լուծմանը»,– պարզաբանել է Զառա Ամատունին։
Տեսակցությունների այս հնարավորության բացակայության դեպքում ԿԽՄԿ-ն չի կարող ինքնուրույն գնահատել, թե ինչ վիճակում են պահվող անձինք և ինչ պայմաններում են նրանք պահվում։
Օգոստոսի 7-ին հայտնի է դարձել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ՀՀ ԱԳՆ-ի միջոցով հանդիպում կազմակերպել Զոնաբենդի հետ։ Նշվել է նաև, որ Ռուբեն Վարդանյանի կնոջը փոխանցվել են համապատասխան պաշտոնատար անձի կոնտակտային տվյալները՝ իրեն հարմար ժամանակ հանդիպում կազմակերպելու նպատակով։ Ավելի ուշ Զոնաբենդը հայտարարել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից որևէ մեկն այդ պահի դրությամբ իր հետ կապ չի հաստատել։