Ավինյան․ Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի խնդիր, այլ փողոցների ծանրաբեռնվածության

Հանրային տրանսպորտի սպասարկման խնդիրները շատ դեպքերում պայմանավորված են ոչ թե ավտոբուսների պակասով, այլ փողոցների ծանրաբեռնվածությամբ, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Շատ դեպքրեում մենք արձանագրում ենք, որ մեր հանրային տրանսպորտում մենք ունենք ոչ թե ավտոբուսների քանակի խնդիր, այլ ընդհանուր առմամբ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր, որը բերում է կանգառներում մարդկանց ծանրաբեռնվածությանը և հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկմանը»,-ասել է նա Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Ավինյանը հայտարարել է, որ հանրային տրանսպորտը պետք է առաջնահերթություն ունենա, հայտնում է Panorama.am-ը:

Նա Երևանի երթևեկության կառավարման կենտրոնից ակնկալել է հստակ, փաստերի և տվյալների վրա հիմնված ներկայացում։ Քաղաքապետի խոսքով՝ արդեն առկա են տվյալներով հագեցած համակարգեր, որոնց հնարավորությունները կենտրոնը պետք է ներկայացնի, որպեսզի դրանք տեսանելի լինեն նաև երևանցիների համար։

Քաղաքապետը հայտարարել է, որ առաջնահերթ լուծում պահանջող հարցերն են ընդհանուր երթևեկության կազմակերպման խնդիրները, շարունակաբար ավելացող մարդատար մեքենաների քանակը և քաղաքի տարբեր հատվածներում այդ մեքենաների ապօրինի կայանումները, հայտնում է Radar. am-ը:

Նա ընդգծել է, որ մինչև հանրային տրանսպորտի կանգառների վերադասավորումը պետք է պարզել, թե ինչպես են այնտեղ կայանված մեքենաները հեռացվելու, «որ մեր հանրային տրանսպորտը երկրորդ գծում չկանգնի»։

Leave a comment