Առցանց խաղային գործունեության ոլորտում պետական վերահսկողությունը կուժեղանա։ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխություններով՝ 2027 թվականի փետրվարի 8-ից գործողության մեջ կմտնեն նոր կարգավորումներ, որոնցով կվերանայվեն չլիցենզավորված կազմակերպությունների կողմից կազմակերպվող առցանց շահումով խաղերի և վիճակախաղերի կայքերի արգելափակմանն ուղղված գործող մեխանիզմները, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:
Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է եղել թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ Հայաստանի առցանց տիրույթում օտարերկրյա չլիցենզավորված կազմակերպությունների առաջարկած խաղային ծառայությունների և գովազդների լայն տարածմամբ։ Ստեղծված պայմաններում գործող վարչարարական գործիքները բավարար արդյունավետություն չեն ապահովել, քանի որ օտարերկրյա կազմակերպությունները գործունեություն են իրականացրել ՀՀ իրավական դաշտից դուրս։
Նոր կարգավորումներով նախատեսվում է կատարելագործել չլիցենզավորված կայքերի տեխնիկական արգելափակման համակարգը։ Հեռահաղորդակցության օպերատորների միջոցով սահմանափակվելու է այդ կայքերի հասանելիությունը։ Նախատեսվում է նաև սահմանափակել չլիցենզավորված կայքերի կողմից գովազդների տարածումը։
Նշված կարգավորումները չեն սահմանափակելու օրինական խաղային գործունեությունը։ Դրանք ուղղված են բացառապես լիցենզավորման համակարգի արդյունավետության բարձրացմանը, լիցենզավորված խաղային շուկայի պաշտպանությանը և հավասար մրցակցային պայմանների ապահովմանը՝ ոլորտում առկա ռիսկերը կանխարգելելու միջոցով։