Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 7-ին մեկնարկել է մայրաքաղաքի 3 կարևորագույն ճանապարհային հանգույցների կառուցման գործընթացը։ Այդ մասին քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրեն Անետա Բաբայանը։
Նրա ներկայացմամբ՝ առաջիկայում նախատեսվում է սկսել «Հյուսիս-հարավ» միջպետական ճանապարհի Նորագավիթի հատվածում էստակադայի, Իսակով-Արշակունյաց ճանապարհային հանգույցի, ինչպես նաև Բաբաջանյան-Աշտարակի խճուղու անավարտ հատվածի կառուցման աշխատանքները, հայտնում է Sputnik Արմենիան:
«Մենք հենց այս շաբաթ պատրաստ ենք մեկնարկելու բուն շինարարական աշխատանքները»,–ասել է նա։
Բաբայանը նաև ընդգծել է, որ ծրագրերի համար որոշակի ֆինանսավորում է իրականացվել Երևան համայնքի բյուջեի շրջանակում։
Ներկայում տեղանքում համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվում։