Աշխարհի խոշորագույն սուվերեն ֆոնդը կկրճատի ԱՄՆ պետական պարտատոմսերի մասնաբաժինը պորտֆելում

Նորվեգիայի պետական կենսաթոշակային ֆոնդը (.)՝ աշխարհի խոշորագույն ազգային հարստության ֆոնդը, որի ակտիվները կազմում են 2.3 տրիլիոն դոլար, նախատեսում է կրճատել ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի մասնաբաժինը իր պորտֆելում՝ ռիսկերի դիվերսիֆիկացման և եկամտաբերության բարձրացման նպատակով։ Այս մասին հաղորդում է CNBC-ն։

Ֆոնդը կառավարող Norges Bank Investment Management-ի (NBIM) ղեկավարությունը Նորվեգիայի ֆինանսների նախարարությանը հղած նամակում առաջարկել է իր պորտֆելում պետական պարտատոմսերի մասնաբաժինը 70%-ից նվազեցնել մինչև 50%։ Ֆոնդի գնահատմամբ՝ նման մակարդակը շուկայական ցնցումների ժամանակ կապահովի բավարար իրացվելիություն և միաժամանակ հնարավորություն կտա այլ ակտիվներում ավելի բարձր եկամտաբերություն փնտրել։

Առաջարկվող վերաբաշխման արդյունքում NBIM-ի պորտֆելում ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի մասնաբաժինն աստիճանաբար կնվազի 34.%-ից մինչև 21.9%, եվրոգոտու երկրների պարտատոմսերինը՝ 16.8%-ից մինչև 14.1%, իսկ Ճապոնիայի պետական պարտատոմսերի մասնաբաժինը կաճի 4.6%-ից մինչև 7.4%։

NBIM-ը նաև նախատեսում է պետական պարտատոմսերի իր պորտֆելները ձևավորել շուկայական արժեքի հիման վրա, ոչ թե համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշով՝ հաշվի առնելով գրեթե բոլոր զարգացած տնտեսությունների պարտքային բարձր բեռը։

Բացի այդ, NBIM-ը նախատեսում է իր պորտֆելում ավելացնել ամերիկյան ոչ պետական ֆիքսված եկամտով արժեթղթերի, այդ թվում՝ կորպորատիվ պարտատոմսերի մասնաբաժինը՝ 16.2%-ից մինչև 27.6%։

NBIM-ի գլխավոր տնօրեն Նիկոլայ Տանգենը և Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավար Իդա Վոլդեն Բախեն նշել են, որ ֆոնդը կարող է ավելի բարձր եկամտաբերություն ստանալ՝ դիվերսիֆիկացնելով ներդրումները դեպի ավելի ռիսկային ակտիվներ, օրինակ՝ հիփոթեքային արժեթղթեր։ Նրանց կարծիքով՝ այս ֆինանսական գործիքը ֆոնդին՝ որպես երկարաժամկետ ներդրողի, հնարավորություն կտա հաջողությամբ հաղթահարել ճգնաժամային ժամանակաշրջանները։

Ինչպես բացատրել են Նիկոլայ Տանգենը և Իդա Վոլդեն Բախեն, ճգնաժամային ժամանակաշրջաններում հիփոթեքային արժեթղթերը, որպես կանոն, շարժվում են բաժնետոմսերի գներին հակառակ ուղղությամբ և, հետևաբար, կարող են ապահովել «տատանողականության լրացուցիչ նվազում»՝ ավելի շատ նմանվելով պետական պարտատոմսերին, քան կորպորատիվ պարտատոմսերին։

Հիփոթեքային արժեթղթերը պարտատոմսեր են, որոնցով ներդրողներին վճարումները կատարվում են ոչ թե թողարկող ընկերության դրամական միջոցներից, այլ բացառապես այն հիփոթեքային վարկերի դիմաց կատարվող վճարումներից, որոնցով ապահովված է հիփոթեքային պարտատոմսերի յուրաքանչյուր կոնկրետ թողարկում։

Ներկայում NBIM-ին պատկանում են շուրջ 1.65 տրիլիոն դոլարի բաժնետոմսեր՝ աշխարհի հանրային ընկերությունների բոլոր բաժնետոմսերի գրեթե 1.5%-ը, ինչպես նաև 592 մլրդ դոլարի ֆիքսված եկամտով ակտիվներ։

Սեպտեմբերի սկզբին համաշխարհային սուվերեն պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է 2008 թվականի կեսերից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Դա տեղի է ունեցել նավթի գների աճի ֆոնին, որն ուժեղացնում է ներդրողների մտավախությունները գնաճի և տոկոսադրույքների հնարավոր բարձրացման վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների կողմից արհեստական բանականության ֆինանսավորման նպատակով փոխառությունների կտրուկ աճը նվազեցնում է սուվերեն պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը։

Leave a comment