Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անհեթեթություն է անվանել կառավարության առաջիկա փոփոխությունների և իր հնարավոր հրաժարականի վերաբերյալ տարածվող տեղեկությունները։
Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր հրաժարականի մասին հարցերն իրեն տալիս են երեք ամիսը մեկ։ Նա հավելել է, որ ակնկալում է՝ երեք ամիս անց իրեն կրկին նույն հարցը կտան։
Վրաստանի վարչապետը զրպարտություն է անվանել նաև այն տեղեկությունները, թե վարչապետի պաշտոնը, իբր, զբաղեցնելու է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն։
Նշենք, որ Վրաստանի ընդդիմադիր ուղղվածություն ունեցող որոշ լրատվամիջոցներ տարածել էին կառավարության կազմում հնարավոր փոփոխությունների մասին տեղեկություններ։ Իր հերթին, իշխող թիմի ներկայացուցիչները հայտարարում են, որ կառավարության կազմում կադրային փոփոխությունների որևէ ծրագիր կամ գաղափար չկա։