ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել

Հասարակություն

07.09.2026 | 13:21

Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը պահպանության ապահովման բաժնի ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել է Երևանում գործող ատամնաբուժական կենտրոն:

Բժշկական կենտրոնում գտնվելու ընթացքում դատապարտյալը ցանկություն է հայտնել օգտվել սանհանգույցից: Մուտք գործելուց առաջ ծառայողները, օրենքով սահմանված կարգով, իրականացրել են ակնադիտական զննություն, ինչի արդյունքում զուգարանակոնքի ջրի բաքի տեսանելի հատվածում հայտնաբերել են սպիտակ, կպչուն ժապավենով ամրացված սև փաթեթ՝ առանձնացված երկու փաթեթներով:

Փաթեթներից մեկում առկա է եղել թմրանյութի նմանվող, դեղնականաչավուն զանգված՝ 4.9 գրամ քաշով, իսկ մյուսում՝ սպիտակ, բյուրեղանման զանգված՝ 1.9 գրամ քաշով:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։

Leave a comment