Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը

Քաղաքականություն

07.09.2026 | 12:46

Ադրբեջանի և Իրանի Պետական ​​հանձնաժողովի համանախագահները քննարկել են  երկու երկրների միջև համատեղ նախագծերի ընթացքը։ Այս մասին տեղական լրատվամիջոցներին հայտնել են Ադրբեջանի նախարարների կաբինետից։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական ​​հանձնաժողովի համանախագահներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի միջև։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են այս տարվա փետրվարին Բաքվում կայացած պետական ​​հանձնաժողովի 17-րդ նիստից հետո ստորագրված փոխըմբռնման հուշագրում արտացոլված հարցերի իրականացման ընթացքը։ Կողմերը նշել են առևտրի, տնտեսության, տրանսպորտի, տարանցման, էներգետիկայի, ջրային և այլ ոլորտներում հաջող համագործակցությունը և քննարկել համատեղ նախագծերի ընթացքը։

Մասնավորապես, տրանսպորտային նախագծերի շարքում կարևոր նվաճում է նշվել Աղբենդ-Քալալա ավտոմոբիլային կամրջի շինարարության ավարտը։ Բացի այդ, քննարկվել են Աստարայի բեռնատար տերմինալի աշխատանքների ավարտին վերաբերող հարցեր։

 

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի

 

Leave a comment