Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

07.09.2026 | 12:19

Վանի Աղթամար  կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում սեպտեմբերի 6-ին Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարարության հատուկ թույլտվությամբ անցկացվել է  14-րդ ամենամյա պատարագը:

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Վան ժամանած հայ հոգևորականներն ու այցելուները պատարագին մասնակցելու համար Գևաշ շրջանի նավահանգստից նավակներով տեղափոխվել են կղզի: Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը, նրա տեղակալ Հայր Կիրկոր Դամատյանը և Հայր Հարություն Դամատյանը, որոնք հոգևորականներին ուղեկցում էին կղզի, որոշ ժամանակ զրուցել են այցելուների հետ: Նախապատրաստական ​​աշխատանքների ավարտից հետո սկսված պատարագը վարել է ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ եկեղեցու հոգևոր առաջնորդ, եպիսկոպոս Մեսրոպ Բարսամյանը։

Պատարագը, որի ընթացքում մասնակիցները մոմեր են վառել, աղոթել, նախագահել է Մաշալյանը ու նշել, որ  «այս տարի նույնպես շատ ուխտավորներ կան․ նրանք եկել են աշխարհի տարբեր ծայրերից՝ Ամերիկայից, Եվրոպայից, Հայաստանից և Իրանից։

«Այս հետաքրքրությունը մեզ ուրախացնում է։ Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին և մեր նահանգապետ Օզան Բալչըին։ Մենք եկանք, կատարեցինք մեր պատարագը և վերադառնում ենք։ Մեր ցանկությունն է, որ միշտ գերիշխեն խաղաղությունն ու բարեկեցությունը։ Այս տարի մենք աղոթեցինք  աշխարհում խաղաղության և մարդկության եղբայրության համար։ Մեր սրտերում հատուկ աղոթք էր Թուրքիա-Հայաստան հարաբերությունների բարելավման համար։ Որովհետև այս հողերում ապրող մարդիկ արժանի են խաղաղության։ Մենք աղոթում ենք Աստծո ողորմածության համար։ Թող խաղաղությունը գա այս հողերին և ժողովուրդներին»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ 2005 թվականին Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը սկսել էր Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնման աշխատանքները։ 2007-ին էլ եկեղեցին այցելուների համար բացվել էր որպես թանգարան: 2010 թվականից ի վեր ամեն տարվա սեպտեմբերին՝ Խաչվերացի տոնին  նախորդող կիրակի օրը, Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment