Ճապոնիան և ԱՄՆ-ն առաջընթաց են գրանցել 550 մլրդ դոլարի ներդրումների հարցում՝ առևտրային համաձայնագրի շրջանակում

Ճապոնիայի առևտրի նախարար Ակացուձավա Ռյոսեյը հայտարարել է, որ Տոկիոն և Վաշինգտոնը հաջողությամբ աշխատում են Ճապոնիայի՝ 550 մլրդ դոլարի ներդրումային պարտավորությունների ուղղությամբ, որոնք երկրի առևտրային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է ներդնել ամերիկյան տնտեսության մեջ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

«Ակացուձավան հայտարարել է, որ 550 մլրդ դոլարի ներդրումների հարցում առաջընթաց է գրանցվել։ Այդ նախաձեռնությունը նախորդ տարի ԱՄՆ-ի հետ կնքված առևտրային համաձայնագրի մի մասն է», – տեղեկացնում է գործակալությունը։

ԱՄՆ առևտրի նախարար Հովարդ Լաթնիկի և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի հետ բանակցություններից հետո վերջինս հայտարարել է, որ իրենք շարունակում են աշխատել ԱՄՆ-ի հետ։ Սակայն նա հրաժարվել է բացահայտել ներդրումների երրորդ տրանշի մանրամասները։ Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ թափ են հավաքում արհեստական բանականության տեխնոլոգիաների և միկրոչիպերի ոլորտում բանակցությունները, ինչպես նաև Ճապոնիայի և ԱՄՆ-ի համար շահավետ համապատասխան նախագծերի զարգացման շուրջ քննարկումները։

Նա հավելել է, որ առևտրային համաձայնագրով նախատեսվածներից բացի նոր մաքսատուրքեր չպետք է սահմանվեն։

2025 թվականի հուլիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Տոկիոն առևտրային համաձայնագիր են կնքել։ Նրա խոսքով՝ գործարքի շրջանակում Ճապոնիան ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար կվճարի 15% մաքսատուրք, ինչպես նաև 550 մլրդ դոլար կներդնի Միացյալ Նահանգներում։

Ներդրումների առաջին տրանշը կազմել է 36 մլրդ դոլար և ուղղվել է գազային ոլորտին ու հանքարդյունաբերությանը։ Երկրորդ մասը՝ 73 մլրդ դոլարի չափով, նախատեսված է ԱՄՆ Թենեսի և Ալաբամա նահանգներում ատոմային նախագծերի, ինչպես նաև Փենսիլվանիայում և Տեխասում գազային էլեկտրակայանների զարգացման համար։

Leave a comment