Ուիթքոֆն ու Քուշները բանակցել են Զելենսկու հետ ՝ հուսով են վերադառնալ եռակողմ ձևաչափին

Կիևում ավարտվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների բանակցություններն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Ուիթքոֆը բանակցությունները բնութագրել է որպես «բովանդակալից և կարևոր»՝ հավելելով, որ ամերիկյան կողմը «շատ ոգևորված է», հայտնում է Meduza-ն:

Քուշները Ուիթքոֆի և Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է վերադառնալ բանակցությունների եռակողմ ձևաչափին, որով կողմերն արդեն հանդիպումներ են անցկացրել մոտ կես տարի առաջ։

«Նախագահ Թրամփի և Ուիթքոֆի հետ մեր խնդիրն է ստեղծել «խաղաղության փաթեթ»։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի շրջանակ, որը կօգնի լուծել [խաղաղության] հարցը», — ասել է Քուշները։

Սթիվ Ուիթքոֆի խոսքով՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին կարող է հայտարարվել «մոտ ժամանակներս»։

Վլադիմիր Զելենսկին Ուիթքոֆի և Քուշների՝ Ուկրաինա կատարած այցը գնահատել է որպես «կարևոր և արդյունավետ»։

«Դուք այսօր նույնիսկ ավելի լավ աշխատեցիք, քան Patriot համակարգերը մեր քաղաքացիների համար, որոնք գտնվում են մայրաքաղաքում։ Ավելի հաճախ եկեք, և մենք հնարավորություն կունենանք մեր մարդկանց մի փոքր հնարավորություն տալ ապրելու»,-ասել է նա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշներն Լեհաստանից գնացքով էին ժամանել Կիև՝ բանակցելու Զելենսկու հետ: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, որը ներկա է եղել հանդիպմանը, բանակցությունները բնութագրել էր «բովանդակային, շատ անկեղծ և կառուցողական»։

Leave a comment