Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի COP17-ում ՀՀ նախագահության տեսլականը (PAN.am)

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Չինաստանի Կունմին քաղաք՝ սեպտեմբերի 7-9-ը մասնակցելու ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը։ Միջազգային հանդիպումը նվիրված է եղել Կունմինգ-Մոնրեալի «Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի» իրականացման ուղղությամբ հավաքական առաջընթացի գլոբալ վերանայմանը։ Այդ գործընթացը Երևանում անցկացվելիք COP17-ի առանցքային ուղղություններից մեկն է լինելու։

Մաթևոսյանը ելույթ է ունենալու երկխոսության բացման լիագումար նիստում, որտեղ ներկայացնելու է COP17-ում Հայաստանի նախագահության տեսլականը և գլոբալ վերանայման գործընթացից ակնկալվող արդյունքները։

Կունմինգի երկխոսության արդյունքները ներկայացվելու են COP17-ին՝ նպաստելով մինչև 2030 թվականը կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրագործմանն ուղղված հետագա քայլերի ձևավորմանը։

Այցի շրջանակում նախատեսվում են նաև նախարար Մաթևոսյանի մի շարք երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Դրանց ընթացքում քննարկվելու են COP17-ի նախապատրաստական աշխատանքները, նախագահության առաջնահերթությունները և կենսաբազմազանության ոլորտում համագործակցության հետագա ուղղությունները։

2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում:

Leave a comment