Մեքսիկայում կրոնական տոնի հրավառությունը խլել է առնվազն 10 մարդու կյանք (տեսանյութ)

Մեքսիկայի Մեխիկո նահանգում հովանավոր սրբի հիշատակին նվիրված տոնի ժամանակ տեղի է ունեցել հրավառության նյութերի պայթյուն, որի հետևանքով փլուզվել է պատի մի հատված։

Իշխանությունների տվյալներով՝ առնվազն 10 մարդ մահացել է, իսկ 64-ը՝ վիրավորվել։

Պայթյունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Տեմասկալսինգո մունիցիպալիտետի Լույսի Աստվածամոր եկեղեցու (Nuestra Señora de la Luz) մոտ։ Հարյուրավոր բնակիչներ հավաքվել էին դիտելու հրավառությունը, երբ տեղի է ունեցել պայթյունը։

Պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ։ Նահանգի գլխավոր դատախազի գրասենյակը հետաքննություն է սկսել։

Տեղի եպիսկոպոսը հայտնել է, որ վիրավորների թվում կան երկու քահանաներ։

Leave a comment