Օվերչուկը կասկածի տակ է դրել դեպի այլ շուկաներ վերակողմնորոշվելու ՀՀ հնարավորությունը

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կասկած է հայտնել, որ Հայաստանի գործընկերներին հաջողվել է վերակողմնորոշվել դեպի այլ շուկաներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Դատելով ամեն ինչից՝ ոչ։ Ինչ-որ փոքր օգնություն նրանց, իհարկե, ցուցաբերվել է, սակայն համեմատելի չէ այն մեծ և ծանոթ շուկայի հետ, որն իրենց համար Ռուսաստանն է։ Եվ մենք նույնպես սովոր ենք այդ արտադրանքին»,- ասել է Օվերչուկը՝ Պավել Զարուբինին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանի՝ այլ շուկաներ վերակողմնորոշվելու փորձերը հաջողություն ունեցել են:

«Այսօր իրավիճակն այնպիսին է, որ մենք ստիպված ենք պաշտպանել մեր շուկան։ Եվ մենք հայ գործընկերներին առաջարկում ենք մեզ հետ միասին աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է փոխվարչապետը։

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից սահմանափակել է Հայաստանից կարանտինային հսկողության ենթակա ամբողջ արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։

«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը պարզաբանել է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները կապված են արտադրողների մոտ որակի արդյունավետ վերահսկողության բացակայության, այլ ոչ թե քաղաքականության հետ։ Տեղական արտադրողներն արդեն հայտարարել են խոշոր վնասների մասին։

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը։ Ռուսական կողմը նշել է, որ միաժամանակ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի մաքսային միությունում գտնվելն անհնար է։

Leave a comment