Հռոմի Պապ Լև XIV-ը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա «Angelus» աղոթքի ընթացքում անդրադարձել է ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական նոր քայլերին։ Պոնտիֆիկն աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ մեկնարկած բանակցային գործընթացին՝ կոչ անելով կողմերին հասնել իրական արդյունքների։
«Հույս ունեմ, որ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ այս օրերին գործադրվող ջանքերը իրական պտուղներ կբերեն և ճանապարհ կբացեն դիվանագիտության համար», – հայտարարել է Սրբազան Քահանայապետը։ Նա միևնույն ժամանակ հասկացնել է տվել, որ հայտարարված եռօրյա զինադադարը թույլ հույս է ներշնչում, քանի որ այն չի տարածվում հակամարտության մյուս տարածքների վրա, որոնք վերջին ժամերին ենթարկվել են ռմբակոծությունների։
Հռոմի Պապը ցավով է նշել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վերջին հարվածների և անմեղ զոհերի մասին․ «Սրտի ցավով եմ հետևում ուկրաինական քաղաքներին հասցված դաժան հարվածների մասին տեղեկություններին։ Սիրտս կիսում է տարիներ շարունակ տագնապի ու վախի մեջ ապրող ժողովրդի տառապանքը։ Կրկին կոչ եմ անում դադարեցնել բռնությունը, կանգնեցնել ավերածություններն ու սիրտը բացել երկխոսության և խաղաղության համար»։
Զուգահեռաբար, Վատիկանի դիվանագիտությունը շարունակում է ակտիվ աշխատանքը։ Ամերիկացի բանագնացներ Ստիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա մեկնելուց առաջ, Պապը Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ հանդիպմանը կարևորել էր միջազգային համայնքի ավելի ակտիվ ներգրավվածությունը։ Բացի այդ, Սուրբ Աթոռի արտաքին գործերի նախարար, արքեպիսկոպոս Փոլ Գալահերը օգոստոսի 25-27-ը Մոսկվայում բանակցություններ էր անցկացրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ։