Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարի 10-ին երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության նախաձեռնությունների հաջորդ քայլերը Հայաստանում և Ադրբեջանում։ Այս մասին հայտնել է Վենսի խոսնակը, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։ «Նրանք կենտրոնացել են առևտրի, տեխնոլոգիաների և դիվանագիտական կապերի վրա, խոսել են հաջորդ քայլերի մասին, այդ թվում՝ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) համար պայմանագրերի կնքման և թույլտվությունների, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները և տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիան»,- ասել է խոսնակը։
Հաղորդվում է, որ չնայած հայտարարության մեջ չի նշվում, թե որ բանտարկյալներն են ազատ արձակվելու, «Թրամփի երթուղու» և վստահության ամրապնդման համատեքստում հնարավոր է, որ ազատ արձակումը ներառի նաև Բաքվում գտնվող հայ բանտարկյալներին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել էր այս հարցը Վենսի հետ, և Վենսը Երևանում լրագրողներին ասել էր, որ այդ հարցը կբարձրացնի Բաքվում, փոխանցում է լրատվամիջոցը: